Կառավարության՝ մայիսի 18-ի նիստի մեկնարկին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց Բրյուսելում Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ կայացած եռակողմ հանդիպման արդյունքները:
Նախ վարչապետը հիշեցրեց, որ մայիսի 14-ի հայտարարությամբ արձանագրվել է, որ Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի 29.800 քառակուսի կիլոմետր, իսկ Հայաստանը՝ Ադրբեջանի 86.600 քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականությունը:
«Սա կարևոր քայլ եմ համարում տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատման համար Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի վերջնականացման և սահմանների դելիմիտացիայի առումով նույնպես: Բայց, իհարկե, հաջորդ քայլը պետք է լինի սահմանազատման համար իրավական ուժ և նշանակություն ունեցող կոնկրետ հիմքերի նույնականացումը և համաձայնեցումը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը նաև հատուկ ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ ԵԽ նախագահի՝ մայիսի 14-ի եռակողմ հանդիպմանը հաջորդած հայտարարության մեջ ընդգծվել է ԼՂ հայության իրավունքների և անվտանգության շուրջ Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսության կարևորությունը՝ միջազգային հանրության հետ համագործակցված:
«Սա մի գործընթաց է, որ էական է Ադրբեջանի հետ հարաբերությունների իրավական և համապարփակ կարգավորման և տարածաշրջանային երկարատև խաղաղության հաստատման համար: Հետևաբար դա մեծապես կարագացնի խաղաղության պայմանագրի ստորագրումը Հայաստանի և Ադրբեջանի միջև»,- ասաց նա:
Վարչապետը նաև ընդգծեց, որ Բրյուսելում որոշակի դրական ըմբռնում է ձևավորվել Հայաստան-Ադրբեջան երկաթուղու վերականգնման մասով:
«Բայց, հաշվի առնելով նախկին փորձը, այս մասով դեռ որևէ կոնկրետացումից ձեռնպահ կմնամ:
Միայն կրկին ընդգծեմ, որ ՀՀ-ն պատրաստ է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետով և հունվարի 11-ի կրկին եռակողմ հայտարարությամբ նախատեսված կոմունիկացիաների բացումն իրականացնել օր առաջ, կողմերի ինքնիշխանության, իրավազորության, հավասարության և փոխադարձության սկզբունքների հիման վրա»,- ասաց վարչապետը: