Կառավարության որոշմամբ բարեփոխվում են սպայական և ավագ սպայական կազմերի պայմանագրային զինծառայողների մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման ծրագրի պայմանները:
«Մասնավորապես՝ 2023 թվականից ծրագրից օգտվելու հնարավորություն է ընձեռվում հայտ ներկայացրած և մասնակիցների ռեեստրում գրանցված բոլոր զինծառայողներին: Ըստ գործող որոշման՝ տարեկան նախատեսվում էր 500 տեղ. ինչպես նախորդ տարի, այս տարի ևս դիմորդների թիվն անցնում է հազարը»,- ասաց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:
Թեև որոշմամբ բոլոր մասնակիցները կարող են օգտվել ծրագրից, բայց պետք է հասցնեն գտնել համապատասխան բնակարանը: «1111 շահառուները պետք է կարողանան տարվա մնացած հատվածում գտնել այդ բնակարանը և ապահովել գնման գործընթացը, այլապես այդ իրավունքից կզրկվեն և ստիպված կլինեն դիմել հաջորդ տարի»,- նշեց Պապիկյանը:
Մանրամասնելով՝ նա ասաց, որ սպայական և ավագ ենթասպայական կոչում ունեցող զինծառայողներին Կառավարությունը միանվագ տրամադրում է 2,5 մլն դրամ, 5 տոկոսով սուբսիդավորվում է վարկավորման ֆիքսված 11 տոկոս տոկոսադրույքը: Իսկ առաջնային շուկայի համար աշխատում է եկամտահարկի մեխանիզմը: