ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին հաստատվեց ««Օրգանական գյուղատնտեսության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագիծը, որը ներկայացրեց էկոնոմիկայի նախարարի տեղակալ Աշխեն Շիրվանյանը:
Ըստ նախագծի՝ նախատեսվում է օրգանական գյուղատնտեսական արտադրանքի սերտիֆիկացումն իրականացնել հավատարմագրման ազգային մարմնի կողմից հավատարմագրված, համապատասխանության գնահատում իրականացնող կազմակերպությունների միջոցով, որը հնարավորություն կստեղծի դյուրացնել և բարձրացնել օրգանական արտադրանքի սերտիֆիկացման գործընթացի հասանելիությունը, ինչպես նաև մոտարկել ԵԱՏՄ շրջանակում օրգանական արտադրանքի կարգավորումների վերաբերյալ համաձայնագրի նախագծին:
«Ներկայացվող նախագծով նախատեսվում է օրգանական գյուղատնտեսությամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտների հաշվառման գրանցամատյանների հրապարակումը Էկոնոմիկայի նախարարության պաշտոնական էլեկտրոնային կայքէջում, որը ոլորտի գործունեության մասին տեղեկատվությունը կդարձնի առավել հասանելի և թափանցիկ: Արդյունքում՝ սպառողները կլինեն առավել պաշտպանված և կընդլայնեն գործակցության հնարավորությունները:
Հաշվի առնելով, որ օրգանական գյուղատնտեսական արտադրանքի մակնշման, պահպանման, փոխադրման, իրացման պահանջների նկատմամբ վերահսկողություն նախատեսված չէ, ուստի նախագծով Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը լիազորում է օրգանական գյուղատնտեսական արտադրանքի մակնշման, պահպանման, փոխադրման, իրացման պահանջների նկատմամբ իրականացնել վերահսկողություն և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով սահմանվում են վարչական տուգանքներ վերոնշյալ պահանջների խախտման դեպքերում»,- ասաց Աշխեն Շիրվանյանը: