Մայիսի 16-ին Ստոկհոլմում տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Շվեդիայի արտաքին գործերի գերատեսչությունների միջև։ Հայկական պատվիրակությունը ներկայացնում էր ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Արա Մարգարյանը, շվեդականը՝ Շվեդիայի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի վարչության պետ Անդրեաս ֆոն Բեքերաթը:
Կողմերը քննարկել են երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ՝ արժևորելով երկու երկրների միջև ձևավորված կառուցողական երկխոսությունը և հարաբերությունների հետագա զարգացումը երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում։ Երկուստեք կարևորվել է Հայաստանում Շվեդիայի միջազգային զարգացման գործակալության (SIDA) գործունեությունը և դերը Հայաստանի բարեփոխումների օրակարգի իրականացման հարցում։
Տարածաշրջանում կայունության հաստատման համատեքստում երկուստեք կարևորվել է Հայաստանում ԵՄ առաքելության դերը, որի տեղակայման վերաբերյալ որոշումը կայացվել է ԵՄ խորհրդում Շվեդիայի նախագահության ընթացքում։
Կողմերն անդրադարձել են նաև Հայաստան-ԵՄ ընդլայնված գործընկերությանը, մտքեր փոխանակել ԵՄ Արևելյան գործընկերության վերաբերյալ:
Արա Մարգարյանը շվեդական կողմին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները, Ադրբեջանի ագրեսիայի արդյունքում տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում առկա հումանիտար ճգնաժամը:
Այցի շրջանակներում Ա. Մարգարյանը հանդիպել է Շվեդիայի Ռիկսդագի Շվեդիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Բյորն Սյոդերի հետ։
Ա․ Մարգարյանը նաև մասնակցել է տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ Արևելաեվրոպական ուսումնասիրությունների Ստոկհոլմի կենտրոնում (SCEEUS) կազմակերպված քննարկմանը: