Ավելի քան չորս տասնյակ երկրների առաջնորդներ և պատվիրակությունների ղեկավարներ Ռեյկյավիկում մասնակցել է Եվրոպայի խորհրդի 4-րդ գագաթնաժողովին: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին մայիսի 16-ին՝ գագաթնաժողովի բացման արարողությանը, դիմավորել են Իսլանդիայի վարչապետ Կատրին Յակոբսդոուտիրը և Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը:
Վարչապետը մասնակցել է ժողովրդավարության թեմայով կլոր-սեղան քննարկմանը:
ՊԱՏԵՐԱԶՄԸ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՄԵՆԱՄԵԾ ՍՊԱՌՆԱԼԻՔՆ Է. ՎԱՐՉԱՊԵՏ
Նիկոլ Փաշինյանը Եվրոպայի խորհրդի 4-րդ գագաթնաժողովում ելույթ է ունեցել, անդրադարձել տարածաշրջանային խնդիրներին, հայտարարել, որ պատերազմը ժողովրդավարության ամենամեծ սպառնալիքն է: Ըստ վարչապետի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը Հայաստանում երկար ժամանակ ժողովրդավարության պակասի արդարացում է եղել:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - 2018 թվականին մեր թավշյա հեղափոխությունը Հայաստանին ժողովրդավարական մեծ առաջընթաց բերեց, բայց 2020 թվականի սեպտեմբերին սկսվեց Ադրբեջանի հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա, ու Հայաստանը ներքաշվեց պատերազմի մեջ: Շատերն այսօր էլ մտածում են, որ պատերազմի պատճառը Հայաստանի ժողովրդավարական ձգտումներն էին՝ մի տարածաշրջանում, որտեղ ժողովրդավարությունը կարող է կասկածով ընկալվել: 2020 թվականի նոյեմբերի 9-ին ես ստորագրեցի հրադադարի մասին եռակողմ հայտարարություն, որը պետական ինստիտուտների՝ Կառավարության և Ազգային ժողովի վրա հարձակման պատճառ դարձավ, որովհետև սանձազերծված պատերազմը, ըստ ամենայնի, նաև Հայաստանում Կառավարության փոփոխության հասնելու նպատակ ուներ:
Փաշինյանը շեշտել է, որ հնարավոր եղավ պահպանել երկրի ժողովրդավարությունը: Հանրային միասնությունը վերագտնելու համար Հայաստանում արտահերթ ընտրություններ եղան:
Նիկոլ Փաշինյան - Եվ երկու օր այն բանից հետո, երբ արտահերթ ընտրություններ անցկացնելու նպատակով իմ և Ազգային ժողովի հրաժարականն ուժի մեջ մտավ, 2021 թ. մայիսի 12-ին Ադրբեջանը ներխուժեց Հայաստանի տարածք: Եթե մենք այդ դրվագում շեղվեինք ժողովրդավարությունից, պետականությունը կկորցնեինք, բայց մենք գնացինք ժողովրդավարական ճանապարհով և ունեցանք միջազգայնորեն ազատ և ժողովրդավարական ճանաչված ընտրություններ և ձևավորեցինք խաղաղության օրակարգ: Բայց այդ խաղաղության օրակարգը նույնպես ենթարկվեց հարձակումների. 2021 թ. նոյեմբերին և 2022 թ. սեպտեմբերին Ադրբեջանը կրկին ներխուժումներ իրականացրեց ՀՀ տարածք:
Հայաստանի վարչապետը հիշեցրեց՝ 2022 թվականի հոկտեմբերի 6-ի Ֆրանսիայի նախագահ Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Միշելի աջակցությամբ Ադրբեջանի նախագահի հետ իր հանդիպումը, որի ընթացքում համաձայնություն ձեռք բերվեց, որ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները պետք է կարգավորել 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա, որում ամրագրված է, որ Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի վարչական սահմանները դառնում են պետական:
Նիկոլ Փաշինյան - Երեք օր առաջ Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդությամբ մենք մեկ քայլ ևս առաջ գնացինք՝ ընդգծելով, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի 86.6 հազար քառակուսի կիլոմետր տարածքը, Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի 29.8 հազար քառակուսի կիլոմետր տարածքը: Բայց Լաչինի միջանցքի ապօրինի փակման հետևանքով ԼՂ հայերն արդեն 5 ամիս շրջափակման մեջ են և ապրում են հումանիտար ճգնաժամի պայմաններում: Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելություն ուղարկելն անհրաժեշտություն է, իսկ Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության և իրավունքների ապահովման համար Բաքու-Ստեփանակերտ բանակցությունների մեկնարկը միջազգային հովանու ներքո՝ կենսական: Այս հարցերի հասցեագրմանը աջակցելով՝ ԵԽ-ն կաջակցի ժողովրդավարության ու կայունության հաստատմանը Հարավային Կովկասում:
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ ԵԽ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ
Եվրոպայի խորհրդի 4-րդ գագաթնաժողովի շրջանակում Նիկոլ Փաշինյանը նաև երկկողմ հանդիպումներ է ունեցել: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Թինի Քոքսի հետ վարչապետը քննարկել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը: Անդրադարձ է եղել նաև Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների ընթացքին և այդ ուղղությամբ առաջիկայում նախատեսվող ծրագրերին: Վարչապետը նշել է, որ ժողովրդավարության ամրապնդումը Հայաստանի կառավարության համար ռազմավարություն է, և մեր երկիրը հետևողականորեն շարժվելու է այդ ճանապարհով: Թինի Քոքսը ողջունել է Հայաստանի քաղաքականությունն ու նախաձեռնողականությունը: Հարավային Կովկասի գործընթացները Նիկոլ Փաշինյանը քննարկել է նաև Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննիսի հետ:
Նիկոլ Փաշինյանը գագաթնաժողովի շրջանակում հանդիպել է նաև Մալթայի վարչապետ Ռոբերտ Աբելայի հետ: Վարչապետ Փաշինյանը կարևորել Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակին միջազգային հանրության շարունակական ու հետևողական արձագանքը: Մտքեր են փոխանակվել նաև Հայաստանի և Մալթայի միջև հարաբերությունների զարգացման ու առևտրատնտեսական կապերի խորացման շուրջ:
Հայաստանի ղեկավարը կարճատև հանդիպումներ է ունեցել նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, Լատվիայի նախագահ Էգիլս Լևիտսի, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և Լյուքսեմբուրգի վարչապետ Քսավիե Բեթթելի հետ: Քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցեր:
Վարչապետի աշխատանքային այցն Իսլանդիա ավարտվել է: