Արուսյակ Խաչատրյան (ՀՀ ՏԿԵՆ ճանապարհային քաղաքականության բաժնի գլխավոր մասնագետ) - Ծռված է, պետք է լինի ուղղահայաց ճանապարհի ծածկին, հետիոտնային անցում է, չկարգավորվող, նշանի դիրքն այնպես պետք է լինի, որ վարորդին 100 մետրից տեսանելի լինի, որ հասկանա՝ դիմացն անցում է և պարտավոր է արագությունը իջեցնել, զիջել հետիոտնին: Տեսանելիություն եթե չկա, նշանը բացակայում է, նոր վտանգներ են առաջանում:
Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման համար կխստացվի վարչական պատասխանատվությունը՝ ճանապարհները, ճանապարհային նշանները, երկաթուղային գծանցները, արգելապատնեշները, ճանապարհի ինժեներական այլ կառույցները ապամոնտաժելու, վնասելու դեպքում: Սահմանված տուգանքը հիմա նվազագույն աշխատավարձի 25-ապատիկի չափով է, որը նախատեսվել է եռապատկել՝ հասցնելով 75-ապատիկի:
Արևհատ Պողոսյան - Առանց պետական ճանապարհային մարմնի թույլտվության՝ ճանապարհներին աշխատանքներ իրականացնելու, գովազդ տեղադրելու դեպքում: Վերլուծություններ իրականացրինք և հասկացանք, որ անգամ ներկայում գործող տույժ-տուգանքները չեն կանգնեցնում քաղաքացիներին՝ վարորդներին և հետիոտնին, իրավախախտումները կրկին կատարելու:
Եթե վնասելու կամ ապամոնտաժելու ընթացքում որևէ քաղաքացու վնաս է պատճառվել, տուգանքի չափն առաջարկվում է հասցնել նվազագույն աշխատավարձի իննսունապատիկի: Առանձին ուսումնասիրություն է իրականացրել նաև նախարարությունը: Ճանապարհը սպասարկող կազմակերպությունների տվյալների վերլուծությամբ պարզվել է՝ վերջին 3 տարում ապամոնտաժվել, վնասվել են 661 նշան, 678 գծամետր արգելապատնեշ, որը նաև մահերի պատճառ է դարձել: Մինչդեռ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ներկայացուցչի խոսքով՝ ոստիկանությունն այդ ընթացքում արձանագրել է 28 դեպք, բացահայտել՝ 23-ը:
Արուսյակ Խաչատրյան - Ճանապարհային նշանները Երևանից դուրս՝ միջպետական, հանրապետական ճանապարհներին, ցավոք, շատ են նաև գողության դեպքերը: Օրինակ՝ «Կանգ» նշանը գողանալու դեպքում մեծ վտանգ է, վարորդը կարող է վտանգավոր հատված մտնել առանց կանգնելու, որի հետևանքով վթար կարող է առաջանալ:
Քիչ չեն դեպքերը, երբ մարդիկ երթևեկության նշանները ապամոնտաժում, գյուղատնտեսական գործիք են պատրաստում կամ օգտագործում, օրինակ՝ որպես թոնրի փական՝ նշում է ճանապարհային քաղաքականության բաժնի պետը: Հաշվել են նաև պետությանը հասցված վնասը: Ճանապարհային մեկ նշանի արժեքը մոտ 30 հազար, 1 գծամետր արգելապատնեշինը՝ 45 հազար դրամ է: Վերջին 3 տարվա ընթացքում վնասը ավելի քան 50 միլիոն դրամի է հասել:
Արևհատ Պողոսյան - Նախատեսում ենք մշադիտարկում կենսական ճանապարհների ծրագրով միջոցառումների նկատմամբ, պետք է ուսումնասիրենք, թե ինչ վիճակում են դրանք գտնվում, արդյոք պատվածքը պահպանվո՞ւմ է, բացակայո՞ւմ են, թե՞ ներկա են նշանները, որոնք տեղադրվել են բարեկարգման ժամանակ: Վերլուծության արդյունքում կներկայացնենք՝ ինչքա՛ն վնաս է պատճառվել պետությանը: Հուսանք՝ քննչական մարմինները կզբաղվեն դրանով, և պետության գումարները կվերադարձվեն պետական բյուջե:
Վերջին 10 տարում Հայաստանում ՃՏՊ-ների հետևանքով զոհերի թիվն աճել է: Ավտոպատահարների հետևանքով 2022-ին զոհվել է 321 մարդ: Հուսով են՝ նախագիծը հնարավոր վթարները կանխելու միջոց կդառնա: