Ներկայումս սահմանամերձ համայնքներում գործող տնտեսվարողները, մասնավորապես, գինեգործական արտադրությամբ զբաղվող ընկերությունները, մյուս տնտեսվարողների նկատմամբ գտնվում են անհավասար պայմաններում, քանի որ առանց այդ էլ այդ ընկերությունները վճարում են ակցիզային հարկ, սակայն չեն կարողանում օգտվել այն արտոնություններից, որոնք նախատեսված են սահմանամերձ համայնքներում մյուս տնտեսվարողների համար: Այսինքն` հավասար հնարավորություն ստեղծել նաև սահմանամերձ բնակավայրերում ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների արտադրությամբ զբաղվող տնտեսվարողների համար՝ օգտվելու հարկային արտոնություններից, որոնք սահմանված են օրենսդրությամբ: Ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի մայիսի 17-ին գումարված նիստում: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:
Պատգամավորն առաջարկել է «Սահմանամերձ բնակավայրերում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» 2014 թվականի նոյեմբերի 20-ի ՀՕ-156-Ն օրենքի՝ 3-րդ հոդվածի 2-րդ կետից հանել «(բացառությամբ ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների արտադրության)» բառերը:
Ըստ զեկուցողի` նախագծի ընդունումը պայմանավորված է սահմանամերձ համայնքներում տնտեսվարող սուբյեկտների համար բարենպաստ պայմաններ ստեղծելու և արտադրության ընդլայնման անհրաժեշտությամբ, որի արդյունքում սահմանամերձ բնակավայրերի բնակիչներն էլ կունենան աշխատանք իրենց բնակավայրերում և չեն լքի բնակավայրերը, ինչի արդյունքում կլուծվեն նաև որոշակի անվտանգային խնդիրներ: Ավելին, այս ամենով կապահովվի նաև տարածքային զարգացման համաչափությունը:
Սերգեյ Բագրատյանը վստահեցրել է, որ նախագծի ընդունումը պայմանավորված է սահմանամերձ համայնքներում տնտեսական գործունեության ակտիվացման, տարածքային զարգացման և զբաղվածության ապահովման անհրաժեշտությամբ:
Պատգամավորի խոսքով՝ Կառավարությունը նշել է` նախագծի ընդունումը պետական բյուջեի վրա կարող է բացասական ազդեցություն ունենալ: Առաջարկ է արվել Կառավարությանը հաշվարկներ իրականացնել, ու եթե նվազեցումն էական լինի, նախագիծը չի ընդունվի: Այս հիմնավորմամբ Սերգեյ Բագրատյանը խնդրել է երկու ամիս ժամկետով հետաձգել նախագծի քննարկումը: