Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում մայիսի 16-17-ը անցկացվում է Եվրոպայի խորհրդի 4-րդ գագաթաժողովը։ Նախատեսվում է, որ Եվրոպայի խորհրդի 46 անդամ պետությունների առաջնորդները կքննարկեն ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով առաջացած սպառնալիքները։ Լրատվամիջոցները գրում են, որ գագաթնաժողովին Ուկրաինայի նախագահը կմիանա տեսակապի ձևաչափով: Ուկրաինայի պատվիրակությունը՝ վարչապետի գլխավորությամբ, ժամանել է Իսլանդիա:
Հանդիպումների մեկնարկից առաջ Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը հայտարարել է, որ գագաթնաժողովը տեղի է ունենում Եվրոպայի համար ճգնաժամային ժամանակաշրջանում, և նոր լուծումներ են անհրաժեշտ աշխարհաքաղաքական իրավիճակը կարգավորելու համար։
ՃԱՊՈՆԻԱՅՈՒՄ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ G7-Ի ԵՐԿՐՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
Ճապոնիայում անցկացվելիք Յոթի խմբի գագաթնաժողովից առաջ Ճապոնիայի վարչապետը հարցազրույց է տվել՝ նշելով, որ պետք է միավորվել և հստակ ուղերձ հղել աշխարհին: Ֆումիո Կիսիդան հայտարարել է, որ պետք է բոլոր ջանքերը գործադրել՝ պաշտպանելու և ամրապնդելու «ազատ և թափանցիկ» միջազգային կարգը, որը հիմնված է օրենքի գերակայության վրա: Նա ընդգծել է, որ ստատուս քվոն ուժով միակողմանիորեն փոխելու ցանկացած փորձ ձախողվելու է: Ակնկալվում է` այս տարվա գագաթնաժողովի գլխավոր թեման լինելու է Ուկրաինայում շարունակվող հակամարտությունը: Ճապոնիայի վարչապետի խոսքով` պետք է համակարգված գործողություններ ձեռնարկել Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցներն ավելի արդյունավետ դարձնելու համար:
Ճապոնիան այս տարի նախագահում է «Մեծ յոթնյակը», որի գագաթնաժողովը Հիրոսիմայում նախատեսված է անցկացնել մայիսի 19-21-ը։
«Հուսով եմ, որ գագաթնաժողովը հնարավորություն կստեղծի ձևավորել առանց միջուկային զենքի իրականություն»,- ասել է Կիսիդան։
ՎՐԱՍՏԱՆԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ ԹՌԻՉՔՆԵՐ ԿԻՐԱԿԱՆԱՑՎԵՆ
Վրաստանի և Ռուսաստանի միջև թռիչքներ կիրականացնեն ռուսական Azimuth Airlines և վրացական Georgian Airways ավիաընկերությունները:Ռուսական ընկերությունը, ըստ Վրաստանի Քաղաքացիական ավիացիայի գործակալության, ներառված չէ ԵՄ սև ցուցակում: Չվերթները կմեկնարկեն առաջիկա օրերին և կիրականացվեն շաբաթական յոթ անգամ:
Վրաստանի էկոնոմիկայի նախարար Լևան Դավիթաշվիլին հայտարարել է, որ Վրաստանի զբոսաշրջության ոլորտը Ռուսաստանի հետ օդային հաղորդակցության վերականգնումից հետո տարեկան 300-ից 400 մլն դոլարի հավելյալ շահույթ կստանա:
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն էլ շեշտել է, որ պատժամիջոցների տակ գտնվող որևէ ընկերություն չի կարողանա թռիչքներ իրականացնել Վրաստանում։
Թեմային անդրադարձել են Բրյուսելից: ԵՄ-ն ափսոսանք է հայտնել, որ Վրաստանի իշխանությունները որոշել են վերսկսել թռիչքները Ռուսաստանի հետ, ինչը մտավախություն է առաջացրել Վրաստանի եվրոպական ուղու վերաբերյալ, Բրյուսելում կայացած ճեպազրույցում հայտարարել է միության արտաքին ծառայության խոսնակ Պետեր Ստանոն։ Նա հիշեցրել է, որ ԵՄ-ն և մի շարք գործընկերներ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի նկատմամբ, այդ թվում` ավիացիոն ոլորտում:
ՕՂԱՆԸ ՊԱՀԱՆՋՆԵՐ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ԷՐԴՈՂԱՆԻՆ ԵՎ ՔԸԼԸՉԴԱՐՕՂԼՈՒԻՆ
Թուրքիայի նախագահի ընտրությունում «Աթա» դաշինքի կողմից առաջադրված թեկնածու Սինան Օղանը երկրորդ փուլում կաջակցի այն թեկնածուին, որը կկատարի դաշինքի պայմանները: Գերմանական մամուլի գործակալության հետ հարցազրույցում Իգդիրում ծնված, ազգությամբ ադրբեջանցի Օղանը նշել է, որ որոշ նախապայմաններ ունի, այդ թվում` ահաբեկչության դեմ պայքարը և սիրիացի փախստականների վերադարձը: Նրա խոսքով՝ Սահմանադրությամբ նույնպես անհրաժեշտ է ամրագրել Թուրքիայի աշխարհիկության սկզբունքը։
ՄԵԶ ՀԱՄԱՐ 2-ՐԴ ՓՈՒԼՆ ԱՎԵԼԻ ՀԵՇՏ Է ԼԻՆԵԼՈՒ. ՔԱԼԸՆ
Թուրքիայում մայիսի 28-ին կայանալիք նախագահական ընտրությունների 2-րդ փուլին է այսօր անդրադարձել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը:
«Մեզ համար 2-րդ փուլն ավելի հեշտ է լինելու, որովհետև ձայների տարբերությունը շատ հստակ է։ Կա մոտ 2.5 միլիոն քվեի տարբերություն»,- նշել է Իբրահիմ Քալընը՝ վստահեցնելով, որ այդ տարբերությանը հնարավոր չէ հակակշռել, քանի որ իրենք պահպանելու և ավելացնելու են իրենց քվեները:
ՍԻՐԻԱՅԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՈՒԴՅԱՆ ԱՐԱԲԻԱՅՈՒՄ Է
Սիրիայի արտգործնախարարի գլխավորած պատվիրակությունը Սաուդյան Արաբիայում է՝ Արաբական պետությունների լիգայի գագաթնաժողովին ընդառաջ նախապատրաստական հանդիպումներին մասնակցելու նպատակով: Ֆեյսալ Միքդադը նշել է, որ սա նոր հնարավորություն է՝արաբական երկրներին հայտարարելու, որ Դամասկասը չի նայում հետ՝ անցյալին, այլ անհամբեր սպասում է ապագային: Սիրիայի արտգործնախարարի խոսքով՝ կան բազմաթիվ մարտահրավերներ, որոնք պետք է քննարկվեն, այդ թվում՝ արաբ-իսրայելական հակամարտությունը:
Վերջին անգամ Սիրիան Արաբական պետությունների լիգայի գագաթնաժողովին մասնակցել է 2010 թ.-ին: Սիրիայի անդամակցությունը Արաբական լիգային դադարեցվել էր 2011 թվականի նոյեմբերին: Գագաթնաժողովն այս տարի տեղի կունենա մայիսի 19-ին` Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում, որին կմասնակցի նաև Սիրիայի նախագահը: