Մշակույթի վաստակավոր գործիչ, վաստակավոր շինարար, վաստակավոր բժիշկ, ժողովրդական արտիստ, ժողովրդական նկարիչ։ Կոչումներ, որոնք առաջիկայում, հնարավոր է՝ չլինեն։ Արդարադատության նախարարությունը «Պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքում փոփոխությունների նախագիծ է ներկայացրել, որով առաջարկվում է չեղարկել Հայաստանի օրենսդրությամբ նախատեսված պատվավոր կոչումները:
Էլինա Գեղամյան (ՀՀ արդարադատության նախարարության խորհրդական) - Ներկայումս նախատեսված գործիքակազմը և չափանիշները հնարավորություն չեն տալիս օբյեկտիվ չափանիշով, արդյունքահենք կերպով առանձնացնել ոլորտի իրական պրոֆեսիոնալներին, որովհետև նախատեսված են այնպիսի չափանիշներ, որոնք օբյեկտիվ իրականությունում չափելի չեն: Օրինակ՝ ժողովրդականության հասկացությունը դժվար է չափել իրականության մեջ և ցույց տալ, օրինակ՝ ո՛ր նկարիչն է ավելի ժողովրդական:
ԿԳՄՍ նախարարությունը դեռ 2022-ին մշակել էր նախագիծ, որով առաջարկում էր չեղարկել միայն այս նախարարության վերահսկողության ներքո գտնվող ոլորտներում տրվող կոչումները: Քննարկումների արդյունքում եկել են եզրակացության, որ նախարարության մատնանշած խնդիրները որոշ առանձնահատկություններով նման են մյուս ոլորտներին, և որոշվել է նախագիծը ընդլայնել՝ ներառելով բոլոր պատվավոր կոչումները: Ոլորտային քաղաքականությունը մշակող յուրաքանչյուր պետական մարմին ներկայացրել է իր տեսլականը, թե կոչումների փոխարեն ուրիշ ինչ մեխանիզմով կարող են խրախուսել ոլորտի ներկայացուցիչներին:
Էլինա Գեղամյան - ԿԳՄՍՆ-ն, օրինակ՝ նշել է, որ վաստակավոր ուսուցչի չեղարկման մասին խոսելիս ներկայումս առկա է ուսուցիչների վարկանիշավորման որոշակի համակարգ, և ֆիզիկական կուլտուրայի, սպորտի զարգացման մշակվող ռազմավարությամբ նախատեսվում է նաև այս ոլորտի գործիչների վարկանիշավորման համակարգ, որը հնարավորորություն կտա արդեն չափելի, հստակ, կանխատեսելի չափանիշներով գնահատել տվյալ ոլորտի գործիչներին և համապատասխան խրախուսել:
Ներկայում մեր երկրում կա տարբեր ոլորտներին վերաբերող 17 կոչում: Հայաստանի անկախացումից հետո դրանք դուրս եկան գործածությունից, բայց 2003-ին կրկին վերականգնվեցին: Այդ պահից մինչև 2021 թվականը վաստակավոր արտիստի կոչում է ստացել 228 մարդ, վաստակավոր նկարչի՝ 44, մշակույթի վաստակավոր գործչի՝ 137, ժողովրդական նկարիչ են դարձել 22-ը, ժողովրդական արտիստ՝ 62-ը, իսկ արվեստի վաստակավոր գործիչ՝ 126-ը: 2003-2021 թթ. 619 կոչում է շնորհվել:
Ըստ նախագծի՝ այն մարդիկ, որոնք մինչև օրենքի ուժի մեջ մտնելը ունեցել են պատվավոր կոչումներ, դրանք պահպանելու են և շարունակելու են օգտվել բոլոր իրավունքներից: Հայաստանի վաստակավոր արտիստ Ռոբերտ Հակոբյանը նշում է՝ չնայած կոչումները հիմնականում առավելություն չեն տալիս, միայն ժողովրդական կոչում ունեցողներն են դրամական որոշակի պարգև ստանում, սակայն գործիչներն իրենց գնահատված են զգում, հատկապես երբ ըստ նրա գնահատման այլ մեխանիզմներ չկան:
Ռոբերտ Հակոբյան (դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ) - Եթե կան պատահական մարդիկ մեր ոլորտում, կան նաև մարդիկ, ովքեր արժանի են էսօր աշխատել և չեն մտածում ոչ մի բանի մասին, ինքնամոռաց աշխատում են: Ինչ-որ բանով պետք չէ՞ր գնահատել նրանց, հասկացնել, որ իրենք արժանի են արած գործին։
Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Բաբայանի խոսքով, սակայն, կան բազմաթիվ մրցանակներ, փառատոներ, պետական պարգևներ, որոնք կարող են որպես գնահատական ծառայել: Ըստ Բաբայանի՝ կոչումներն ավելորդություն են, իսկ դրանք չեղարկելու նախագիծը՝ նույնիսկ ուշացած:
Ռուբեն Բաբայան (Երևանի պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ) - Այդ կոչումները փչացրին ներքին մթնոլորտը, մարդիկ սկսեցին ավելի շատ մտածել կոչումների մասին, քան հետաքրքիր ստեղծագործական դերերի: Այդ կոչումները մտցրեցին անհավասարություն՝ ստեղծագործական առումով, որտեղ կարծես թե ի սկզբանե դրվում էր որոշակի կարգավիճակ՝ անկախ նրանից, թե ինչպիսին է քո տված արդյունքը:
Նախագիծը Հանրային քննարկման էր դրվել մարտին: Այն ուղարկվել է նաև իրավասու կազմակերպություններին՝ հատուկ կարծիքի համար:
Հեղինակ՝ Լուսինե Գրիգորյան