ՀԱՊԿ-Ի ՇՆՈՐՀԻՎ ՀՀ-Ն ԱՎԵԼԻ ԿԱՅՈՒՆ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ ԿՀԱՅՏՆՎԵՐ. ԼԱՎՐՈՎ
ՀԱՊԿ-ն ապացուցեց իր կենսունակությունը, երբ Ղազախստանը 2022 թվականի հունվարին օգնություն խնդրեց, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ հավելելով, թե Մոսկվան պատրաստ էր նույն կերպ օգնել նաև Հայաստանին:
«2022 թվականի աշնանը Կազմակերպության երևանյան գագաթնաժողովի շրջանակում Հայաստանի տարածքում ՀԱՊԿ դիտորդական առաքելություն տեղակայելու մասին փաստաթուղթ էր պատրաստվել՝ մեր հայ դաշնակիցների խնդրանքով։ Սակայն վերջին պահին հայ ընկերները խնդրեցին հետաձգել դրա ընդունումը։ Բայց եթե Երևանը պատրաստ լիներ ստորագրել փաստաթուղթը, համոզված եմ՝ Հայաստանը կշահեր և ավելի կայուն իրավիճակում կհայտնվեր», - նշել է դիվանագետը:
Նա նաև կարծիք է հայտնել, թե Վաշինգտոնը ստիպում է հայկական կողմին հրաժարվել ռուս սահմանապահների ծառայություններից և փոխարենը խոստանում է ապահովել Հայաստանի անվտանգությունը:
ՌԴ-Ն ԵՎ ԻՐԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԵՆ ՍՏՈՐԱԳՐԵԼ
Իրանի և Ռուսաստանի նախագահները հեռավար մասնակցել են Ռեշտ-Աստարա երկաթուղու շինարարության մասին համաձայնագրի կնքման արարողությանը։ Նախատեսվում է, որ Ադրբեջանի տարածքով Իրանը Ռուսաստանին կապող երկաթուղու 170 կիլոմետրանոց Ռեշտ-Աստարա հատվածը կկառուցվի Թեհրանի և Մոսկվայի մասնակցությամբ, իսկ Իրանի Աստարա քաղաքը ադրբեջանական նույնանուն քաղաքին կապող հատվածը` երեք երկրի մասնակցությամբ։
Ռեշտ-Աստարա գծի երկարությունը կկազմի 170 կմ։ Այն անհրաժեշտ է Հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի ցամաքային հատվածները միացնելու համար։
ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը տեղեկացրել է, որ Ռեշտ-Աստարա երկաթուղային հատվածի կառուցման նախագծի իրականացման համար հատկացվել է 1,3 մլրդ եվրոյի միջպետական վարկ։ Նախագծի ընդհանուր արժեքը 1,6 մլրդ եվրո է:
ՀԱՑԱՀԱՏԻԿԻ ԳՈՐԾԱՐՔԸ ԵՐԿԱՐԱՁԳՎԵԼ Է. ԷՐԴՈՂԱՆ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ հացահատիկի գործարքը երկարաձգվել է ևս 60 օրով։ Նրա խոսքով՝ նման որոշումը բխում է սևծովյան համաձայնագրերի բոլոր կողմերի՝ Թուրքիայի, Ուկրաինայի, Ռուսաստանի և ՄԱԿ-ի շահերից: Էրդողանը շնորհակալություն է հայտնել Վլադիմիր Պուտինին և Վոլոդիմիր Զելենսկիին, ինչպես նաև Անտոնիու Գուտերեշին իրենց ջանքերի համար։
Նա հավելել է, որ ռուսական կողմից երաշխիքներ է ստացել Խերսոնից հյուսիս-արևմուտք գտնվող Նիկոլաև և Օլվիա նավահանգիստներից թուրքական նավերի անարգել ելքի համար։
Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև շուտով երկարաժամկետ զինադադար կհաստատվի:
ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հաստատել է հացահատիկի գործարքի երկարաձգման լուրը։
ԱՄՆ-Ը ՉԻ ԲԱՑԱՌԵԼ ՌԴ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԸ
ԱՄՆ-ն անհրաժեշտության դեպքում պատրաստ է լրացուցիչ պատժամիջոցներ կիրառել՝ Ռուսաստանի և Վրաստանի միջև ուղիղ օդային հաղորդակցության վերականգնման հետ կապված, լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Պետքարտուղարության ներկայացուցիչ Վեդանտ Պատելը։
«Մենք կշարունակենք ուշադիր հետևել զարգացումներին: Այս պահին հայտարարելու ոչինչ չունենք»,- նշել է պաշտոնյան, հավելել՝ դա, այնուհանդերձ, մտահոգություն է առաջացնում:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Վրաստանի և Ռուսաստանի միջև թռիչքներ կիրականացնեն ռուսական Azimuth Airlines և վրացական Georgian Airways ավիաընկերությունները:
Ռուսական ընկերությունը, ըստ Վրաստանի Քաղաքացիական ավիացիայի գործակալության, ներառված չէ ԵՄ սև ցուցակում: Չվերթները կմեկնարկեն առաջիկա օրերին և կիրականացվեն շաբաթական յոթ անգամ:
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն շեշտել է, որ պատժամիջոցների տակ գտնվող որևէ ընկերություն չի կարողանա թռիչքներ իրականացնել Վրաստանում։
Մինչ այդ, Թբիլիսիում երեկ բողոքի ակցիաներ են անցել, ցուցարարները վրացական իշխանություններին կոչ են արել հրաժարվել Ռուսաստան ուղիղ չվերթներից։
ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՀԱՄԱՐ ԿՊԱՀԱՆՋՎԻ 411 ՄԼՐԴ ԴՈԼԱՐ. ՄԱԿ
Միավորված ազգերի կազմակերպությունը գնահատել է պատերազմի ընթացքում ուկրաինական ենթակառուցվածքներին հասցված վնասը: Երկրի տուժած տարածքները վերականգնելու համար կպահանջվի առնվազն 411 միլիարդ դոլար:
«Ուկրաինայի տնտեսությունը կրճատվել է 29,1%-ով: Չնայած արտաքին ֆինանսական օգնությանը՝ 2023 թվականին երկրի տնտեսական վիճակը հավանաբար էլ ավելի կվատանա»,- ասված է ՄԱԿ-ի զեկույցում։
Ավելի վաղ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել էր, որ պատերազմից հետո վերականգնվելու համար Ուկրաինային անհրաժեշտ է ավելի քան 400 միլիարդ դոլար։ Նախագահի խոսքով՝ ռուսական ուժերը ոչնչացրել են էներգետիկ կայաններ, կրթական հաստատություններ, մշակութային կենտրոններ և թանգարաններ, եկեղեցիներ և ենթակառուցվածքային այլ օբյեկտներ։
ԲԱՅԴԵՆԸ ՉԵՂԱՐԿԵԼ Է ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԱՅՑԵՐԸ
ԱՄՆ վարչակազմը հաստատել է, որ Ջո Բայդենը որոշել է չեղարկել առաջիկա արտասահմանյան այցերը՝ երկրում դեֆոլտի սպառնալիքի պատճառով։ Ակնկալվում էր, որ Բայդենը կմասնակցի G-7-ի առաջնորդների հանդիպմանը Հիրոսիմայում, այնուհետև կայցելի Պապուա Նոր Գվինեա և Ավստրալիա։
Հայտարարության համաձայն՝ Բայդենը Կոնգրեսում հանրապետականներից պահանջում է կառուցողական երկխոսություն վարել և բարձրացնել երկրում պետական պարտքի վերին շեմը՝ դեֆոլտից խուսափելու համար։