Այս տարի վերջին դասը կանցկացվի մայիսի 26-ին (հնգօրյա աշխատանքային ռեժիմի դեպքում) և մայիսի 27-ին (վեցօրյա աշխատանքային ռեժիմի դեպքում): Այդ մասին ասուլիսի ժամանակ տեղեկացրեց ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանը:
«Այս տարի հիմնական դպրոցը ավարտելու է 35.300 սովորող, իսկ 12-րդ դասարանը ավարտելու է 19.900 սովորող»,- ասաց փոխնախարարը, ապա նաև հայտնեց, որ 2023-2024 ուստարում 1-ին դասարանցիների թիվը 39.500 է:
«Հունիսի 12-ից հայտագրումը բաց կլինի բոլոր այն քաղաքացիների համար, որոնք ունեն որոշակի առավելություններ:
Հունիսի 27-ից հայտագրումը կիրականացվի ընդհանուր հիմունքներով հայերենով ուսուցում իրականացնող դպրոցների, իսկ հուլիսի 4-ից՝ օտարերկրյա քաղաքացիների, երկքաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, ազգային փոքրամասնությունների համար»,- ասաց Սվաջյանը:
ԿԳՄՍ փոխնախարարը նաև տեղեկացրեց, որ 2023-2024 ուստարում հանրակրթական դպրոցներում լուրջ բարեփոխումների տարի է լինելու: ՀՀ-ում կներդրվի հանրակրթության պետական նոր չափորոշիչը ՀՀ բոլոր դպրոցների 2-րդ, 5-րդ, 7-րդ և 10-րդ դասարաններում: ԿԶՆԱԿ հիմնադրամն ամառվա ընթացքում կիրականացնի ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ: Արդեն իսկ հաստատվել է մենթոր դպրոցների ցանկը: