ՀԱՊԿ-Ի ՇՆՈՐՀԻՎ ՀՀ-Ն ԱՎԵԼԻ ԿԱՅՈՒՆ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ ԿՀԱՅՏՆՎԵՐ. ԼԱՎՐՈՎ
ՀԱՊԿ-ն ապացուցեց իր կենսունակությունը, երբ Ղազախստանը 2022 թվականի հունվարին օգնություն խնդրեց՝ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ հավելելով, թե Մոսկվան պատրաստ էր նույն կերպ օգնել նաև Հայաստանին:
«2022 թվականի աշնանը Կազմակերպության երևանյան գագաթնաժողովի շրջանակում Հայաստանի տարածքում ՀԱՊԿ դիտորդական առաքելություն տեղակայելու մասին փաստաթուղթ էր պատրաստվել՝ մեր հայ դաշնակիցների խնդրանքով։ Սակայն վերջին պահին հայ ընկերները խնդրեցին հետաձգել դրա ընդունումը։ Բայց եթե Երևանը պատրաստ լիներ ստորագրել փաստաթուղթը, համոզված եմ՝ Հայաստանը կշահեր և ավելի կայուն իրավիճակում կհայտնվեր»,- նշել է դիվանագետը:
Նա նաև կարծիք է հայտնել, թե Վաշինգտոնը ստիպում է հայկական կողմին հրաժարվել ռուս սահմանապահների ծառայություններից և փոխարենը խոստանում է ապահովել Հայաստանի անվտանգությունը:
ԱՄՆ-Ը ՉԻ ԲԱՑԱՌԵԼ ՌԴ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԸ
ԱՄՆ-ն անհրաժեշտության դեպքում պատրաստ է լրացուցիչ պատժամիջոցներ կիրառել՝ Ռուսաստանի և Վրաստանի միջև ուղիղ օդային հաղորդակցության վերականգնման հետ կապված ՝ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Պետքարտուղարության ներկայացուցիչ Վեդանտ Պատելը։
«Մենք կշարունակենք ուշադիր հետևել զարգացումներին: Այս պահին հայտարարելու ոչինչ չունենք»,- նշել է պաշտոնյան, հավելել՝ դա, այնուհանդերձ, մտահոգություն է առաջացնում:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Վրաստանի և Ռուսաստանի միջև թռիչքներ կիրականացնեն ռուսական Azimuth Airlines և վրացական Georgian Airways ավիաընկերությունները: Ռուսական ընկերությունը, ըստ Վրաստանի Քաղաքացիական ավիացիայի գործակալության, ներառված չէ ԵՄ սև ցուցակում: Չվերթները կմեկնարկեն առաջիկա օրերին և կիրականացվեն շաբաթական յոթ անգամ: Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն շեշտել է, որ պատժամիջոցների տակ գտնվող որևէ ընկերություն չի կարողանա թռիչքներ իրականացնել Վրաստանում։
Մինչ այդ, Թբիլիսիում երեկ բողոքի ակցիաներ են անցել, ցուցարարները վրացական իշխանություններին կոչ են արել հրաժարվել Ռուսաստան ուղիղ չվերթներից։
ՄԱՅԻՍԻ 28-ԻՑ ՀԵՏՈ ՌԴ ՆԿԱՏՄԱՄԲ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՓՈԽՎԻ. ԷՐԴՈՂԱՆ
Ռեջեփ Էրդողանը վստահեցրել է՝ Թուրքիայում մայիսի 28-ին նախատեսված նախագահի ընտրությունների երկրորդ փուլից հետո Ռուսաստանի նկատմամբ Անկարայի քաղաքականությունը չի փոխվի։ Նման հայտարարությամբ գործող նախագահը հանդես է եկել ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի **** ֆոնին, որ իր հաղթանակի դեպքում Անկարան առաջնահերթությունը տալու է Արևմուտքի, մասնավորապես՝ ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններ զարգացմանը:
«Մենք մտադիր չենք փոխել մեր դիրքորոշումը Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Չինաստանի և Արևմուտքի հետ կապված: Նրանց հետ մշտական կապի մեջ ենք, այդպես էլ շարունակելու ենք», - ընդգծել է Էրդողանը:
Նա նաև նշել է, որ Թուրքիայում մայիսի 14-ին կայացած նախագահի ընտրությունների առաջին փուլն անցել է ժողովրդավարական պայմաններում։ Էրդողանը վստահություն է հայտնել, որ երկրորդ փուլում ավելի շատ ձայներ կստանա:
Թուրքիայում ընտրություններին են անդրադարձել ԵԱՀԿ-ից: Կառույցի կարճաժամկետ դիտորդական առաքելության հատուկ համակարգող Մայքլ Գեորգ Լինքը հայտարարել է, որ ընտրությունները մրցակցային են եղել, բայց եղել են սահմանափակումներ, քանի որ ընդդիմադիր որոշ քաղաքական գործիչների կալանավորումը և այլ խախտումներ խոչընդոտել են քաղաքական բազմակարծությունը և ոտնահարել ոմանց՝ ընտրություններին մասնակցելու իրավունքը:
ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՀԱՄԱՐ ԿՊԱՀԱՆՋՎԻ 411 ՄԼՐԴ ԴՈԼԱՐ. ՄԱԿ
Միավորված ազգերի կազմակերպությունը գնահատել է պատերազմի ընթացքում ուկրաինական ենթակառուցվածքներին հասցված վնասը: Երկրի տուժած տարածքները վերականգնելու համար կպահանջվի առնվազն 411 միլիարդ դոլար:
«Ուկրաինայի տնտեսությունը կրճատվել է 29,1%-ով: Չնայած արտաքին ֆինանսական օգնությանը՝ 2023 թվականին երկրի տնտեսական վճակը հավանաբար էլ ավելի կվատթարանա»,- ասված է ՄԱԿ-ի զեկույցում։
Ավելի վաղ՝ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել էր, որ պատերազմից հետո վերականգնվելու համար Ուկրաինային անհրաժեշտ է ավելի քան 400 միլիարդ դոլար։ Նախագահի խոսքով՝ ռուսական ուժերը ոչնչացրել են էներգետիկ կայաններ, կրթական հաստատություններ, մշակութային կենտրոններ և թանգարաններ, եկեղեցիներ և ենթակառուցվածքային այլ օբյեկտներ։
ԲԱՅԴԵՆԸ ՉԵՂԱՐԿԵԼ Է ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԱՅՑԵՐԸ
ԱՄՆ վարչակազմը հաստատել է, որ Ջո Բայդենը որոշել է չեղարկել առաջիկա արտասահմանյան այցերը՝ երկրում դեֆոլտի սպառնալիքի պատճառով։ Ակնկալվում էր, որ Բայդենը կմասնակցի G-7-ի առաջնորդների հանդիպմանը Հիրոսիմայում, այնուհետև կայցելի Պապուա Նոր Գվինեա և Ավստրալիա։
Հայտարարության համաձայն՝ Բայդենը Կոնգրեսում հանրապետականներից պահանջում է կառուցողական երկխոսություն վարել և բարձրացնել երկրում պետական պարտքի վերին շեմը՝ դեֆոլտից խուսափելու համար։
ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ՆԱԽԿԻՆ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՄԵԿՆԵԼ Է ԹԱՅՎԱՆ
Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Լիզ Թրասը մեկնել է Թայվան։ Տեղական լրատվամիջոցների տվյալով՝ սա բրիտանական կաբինետի նախկին ղեկավարի առաջին այցն է կղզի 1996 թվականից ի վեր։ Թրասը Թայվան էր այցելել Համայնքների պալատի անդամի կարգավիճակով։ Նախատեսված են հանդիպումներ բարձրաստիճան պաշտոնյաների, ինչպես նաև գործարար ու գիտական շրջանակների ներկայացուցիչների հետ։
ԱՄՆ պաշտպանության նախարարն էլ հայտարարել է, որ Վաշինգտոնը շուտով զգալի պաշտպանական աջակցություն կտրամադրի Թայվանին։ Ավելի վաղ՝ Reuters գործակալությունը հայտնել էր, որ Ջո Բայդենի վարչակազմը ծրագրում է 500 միլիոն դոլարի ռազմական օգնություն ուղարկել Թայվան:
Չինաստանը բազմիցս կոչ է արել Վաշինգտոնին դադարեցնել զենքի վաճառքը Թայվանին: Ըստ պաշտոնական Պեկինի՝ ԱՄՆ-ի և Թայվանի ռազմական գործակցությունը խախտում է «մեկ Չինաստանի» սկզբունքը և վնասում Չինաստանի ինքնիշխանությանը: