Իրանն ու Ռուսաստանը համաձայնագիր են ստորագրել Ռաշթ-Աստարա երկաթուղու կառուցման վերաբերյալ՝ ավարտին հասցնելու Հյուսիս-հարավ երկաթուղային անցումը, հայտնում է IRNA գործակալությունը։ Համաձայնագիրը ստորագրել են Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մեհրդադ Բազրփաշը և ՌԴ տրանսպորտի նախարար Վիտալի Սավելևը: Ռուսական կողմից արարողությանը միացել է նաև աշխատանքային այցով Իրանում գտնվող փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը։ Արարողությանը հեռավար մասնակցել են նաև ՌԴ և ԻԻՀ նախագահներ Վլադիմիր Պուտինը և Էբրահիմ Ռայիսին:
Փաստաթղթի համաձայն՝ Մոսկվան և Թեհրանը համատեղ կֆինանսավորեն երկաթուղու նախագծումը, շինարարությունը, ինչպես նաև ապրանքների ու ծառայությունների մատակարարումը։ Ռաշթ-Աստարա գծի երկարությունը կկազմի 170 կմ։ Այն անհրաժեշտ է Հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի ցամաքային հատվածները միացնելու համար, ինչը կբարձրացնի անդրկասպյան երթուղու տնտեսական արդյունավետությունը։ Ենթադրվում է, որ Ռաշթ-Աստարա գիծը կկառուցվի Մոսկվայի և Թեհրանի մասնակցությամբ, իսկ Աստարա (իրանական քաղաք) - Աստարա (ադրբեջանական քաղաք) գիծը՝ Մոսկվայի, Թեհրանի ու Բաքվի մասնակցությամբ։
Եթե Ռաշթ-Աստարա երկաթուղային ճանապարհն ավարտվի, Մոսկվայից և Սանկտ Պետերբուրգից բեռները կարող են ուղիղ և առանց կանգառների փոխադրվել Պարսից ծոցում գտնվող Իրանի հարավային Բանդար Աբաս նավահանգիստ: