Հայաստանի դպրոցներում վերջին դասը կլինի մայիսի 26-ին, եթե աշխատում են հնգօրյա գրաֆիկով, իսկ 6-օրյա գրաֆիկի դեպքում՝ մայիսի 27-ին:
Հիմնական դպրոցը՝ 9-րդ դասարանը կավարտի շուրջ 35.300 սովորող, 12-րդ դասարանը` 19.900 շրջանավարտ:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն ընդգծեց՝ Վերջին դասը պետք է դիտարկել որպես ուսումնական գործընթացն ամփոփող միջոցառում և ոչ ավելին:
Արաքսիա Սվաջյան (ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ) - Բոլոր գործընթացները դպրոցում կազմակերպվեն այնպես, որ որևիցե կողմի համար՝ թե՛ սովորողների, ծնողների և թե՛ ուսուցիչների համար գործընթացը լրացուցիչ հոգսեր և ծանրաբեռնվածություն չառաջացնի:
Ավանդաբար դպրոցներում մեծ գումարներ են հավաքվում՝ Վերջին զանգի միջոցառման ու ավարտական երեկույթի համար: Նախարարությունը դժգոհող ծնողներից այդ մասին ահազանգեր է ստանում: Վիճակագրություն փոխնախարարը չուներ, բայց վստահեցրեց՝ չկա որևէ բողոք-դիմում, որը հետևողական արձագանք չստանա: Ուսումնական տարվա ավարտին էլ բոլոր դպրոցների ղեկավարներին շրջաբերական է ուղարկվում՝ նմանատիպ երևույթները բացառելու հորդոր-պահանջով: Բայց, ըստ նրա, գումար հավաքելու նախաձեռնությունը հիմնականում ծնողներից է, և բողոքի հետքերով գնացող լիազոր մարմինը կարողանում է միջամտել այնքանով, որ դպրոցի ղեկավարությունից պահանջում է միջոցներ ձեռնարկել՝ նման երևույթները կանխելու համար: Հետևաբար, նախարարի տեղակալի խոսքով, ծնողների գիտակցությունը բարձրացելու միջոցով է նաև, որ պետք է փոխվի իրավիճակը:
Արաքսիա Սվաջյան - Բնականաբար, յուրաքանչյուր ծնողի համար տոն է իր երեխայի թե՛ դպրոց ընդունվելը և թե՛ կրթական մակարդակի ավարտելը, թեկուզ ոչ ամբողջական հանրակրթությունը ավարտելը: Բայց պիտի հասկանալ՝ այդ տոնը ինչպիսի տոն է, դա բովանդակային տոն է և պիտի ուրախանալ ու արձանագրել երեխայի հաջողությունը, թե դա պիտի վերածել խնջույքի և նվերների կամ մեկ այլ երևույթի, այսինքն՝ էստեղ նաև գործընթացը արժևորելուն և այդ արժևորումը համապատասխան կերպով կազմակերպելուն է վերաբերում:
Գնահատման և թեստավորման կենտրոնն էլ հրապարակել է բուհերի ընդունելության միասնական քննությունների ժամանակացույցը:
. քիմիա, ռուսաց լեզու՝ հունիսի 9-ին,
. օտար լեզուներ՝ հունիսի 13-ին,
. մաթեմատիկա՝ հունիսի 16-ին,
. հայոց լեզու և հայ գրականություն՝ հունիսի 20-ին,
. կենսաբանություն, աշխարհագրություն՝ հունիսի 23-ին,
. հայոց պատմություն, ֆիզիկա՝ հունիսի 27-ին:
Միասնական քննություններին ամռանը մասնակցելու համար հայտագրվել է մոտ 14.300 դիմորդ: Այս տարի առաջին անգամ դիմորդները հնարավորություն ունեին քննություն հանձնել կրկնակի: Ձմռանը քննություն հանձնածները առաջիկա փուլում նույնպես կարող են փորձել իրենց ուժերը: Բուհի ընդունելության մրցույթին կարող են մասնակցել առավել բարձր գնահատականով:
Հեղինակ՝ Աննա Զախարյան