Բելգիան չի կարող գեթ մեկ F-16 ինքնաթիռ փոխանցել Ուկրաինային, հայտարարել է Թագավորության վարչապետ Ալեքսանդր դե Կրոուն: Նաև ընդգծել է, որ իր երկիրը պատրաստ է մասնակցելու ուկրաինացի օդաչուների վերապատրաստմանը, եթե այլ երկրներ Ուկրաինային կործանիչներ մատակարարեն: Այդ մասին չորեքշաբթի հայտնել է De Morgen թերթը։
Հրատարակությունը նշում է, որ Բելգիան F-16 կործանիչներ է շահագործում 1970 թվականից և այդ ինքնաթիռների հետ կապված մեծ փորձ ունի։ Բելգիական բանակը մոտ 50 F-16 ունի, որոնք հաջորդ տասնամյակի ընթացքում աստիճանաբար պետք է փոխարինվեն 34 նոր F-35-ներով։
Միացյալ Թագավորության պաշտպանության նախարար Բեն Ուոլեսն էլ իր հերթին հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունն այս պահին չի պատրաստվում Ուկրաինային փոխանցել Eurofighter Typhoon կործանիչներ, սակայն պատրաստ է երկարաժամկետ հեռանկարում օգնել ուկրաինացի ռազմական օդաչուների վերապատրաստմանը։
Նախարարն ընդգծել է, որ ուսումնական ծրագրերը վերաբերում են պաշտպանության ոլորտում Արևմուտքի և Ուկրաինայի հետպատերազմյան համագործակցությանը։
Փարիզն էլ ուսումնասիրում է Ուկրաինա հեռահար Scalp կառավարվող հրթիռներ ուղարկելու հնարավորությունը։ Այդ մասին հայտնում է ֆրանսիական Le Monde թերթը՝ հղում անելով Ելիսեյան պալատի աղբյուրին։ «Մենք դիտարկում ենք բոլոր տարբերակները, բայց այս պահին այդ մասին խոսք չկա»,- ասել է աղբյուրը։
Նշվում է, որ Ֆրանսիայի կառավարությունը դիտարկել է նման մատակարարումների հնարավորությունը, երբ Մեծ Բրիտանիան խոստացել է Ուկրաինա ուղարկել Storm Shadow թևավոր հրթիռներ, որոնք նման են Scalp-ին։