Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Արա Մինասյանի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցվել ևս երկու անձի՝ նույն բժշկական կենտրոնի մեծահասակների պոլիկլինիկայի վարիչի բուժական գծով նախկին տեղակալի և Բժշկական կենտրոնի պետական պատվերի փաստաթղթերի ձևակերպման աշխատանքների ծառայության նախկին ղեկավարի նկատմամբ:
Սամվել Հակոբյան (ՀՀ գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ) - Բժշկական կենտրոն դիմած շահառու հանդիսացող անձանց անուններով լրացրել են ընդհանուր 4 689 կեղծ ուղեգրեր, բացել են նույն քանակությամբ պատմագրեր և լրացրել են համապատասխան թերթիկներ, որոնցում ներառել են մի շարք կեղծ տեղեկություններ, այդ թվում` ԲԿ դիմած անձանց կողմից ստացիոնար բուժում անցնելու վերաբերյալ:
Նշված փաստաթղթերի հիման վրա առողջապահության նախարարություն ներկայացվել են ամսական կեղծ հաշվետվություններ՝ իբր սոցիալական փաթեթի շահառուներին մատուցված ծառայությունների մասին, որոնց հիման վրա էլ 2014-2017 թվականներին նախարարությունը բժշկական կենտրոնին փոխանցել է ընդհանուր առմամբ 908 մլն-ից ավելի դրամ: Բուժհաստատության այդ երկու աշխատակիցները մեղադրվում են առանձնապես խոշոր չափով խարդախությանն օժանդակելու և փաստաթղթեր կեղծելու համար:
Սամվել Հակոբյան - Քրեական վարույթի շրջանակներում մեղադրանքներ են ներկայացվել ընդհանուր 8 անձանց, որոնց մի մասը արդեն իսկ ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը: Նախաքննության ընթացքում արդեն իսկ վերականգնվել է պետությանը պատճառված շուրջ 215 մլն դրամ վնասը:
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի նախկին տնօրենը նույն քրեական գործի նախաքննության ընթացքում որպես մեղադրյալ ներգրավվել էր դեռ նախորդ տարվա վերջին:
Սամվել Հակոբյան - Նշված անձի նկատմամբ դատարանի որոշմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, հայտարարվել է հետախուզում:
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի պոլիկլինիկայի վարիչի նախկին տեղակալի պաշտպանը մեղադրանքը որակում է թույլ, իրավական առումով աբսուրդի հասնող:
Արսեն Մկրտչյան (փաստաբան) - Ընդհանրապե՛ս, բացարձակապե՛ս մի հատ քննչական գործողություն մեղադրանք առաջադրելուց հետո իմ պաշտպանյալի նկատմամբ կամ իր մասնակցությամբ չի կատարվել: Գործը քնեցրել են, պահել-պահել են, լրացել է ժամկետը, ասում են՝ հիմա էլ երկրորդ մասով չես մեղադրվում, մեղադրվում ես երրորդ մասով:
Արսեն Մկրտչյանը մանրամասնում է՝ իր պաշտպանյալին ավելի ծանր արարք է մեղսագրվել. խոշոր չափերով խարդախությանն օժանդակելու փոխարեն դարձել է առանձնապես խոշոր չափերով խարդախությանն օժանդակել: Պնդում է՝ պոլիկլինիկայի պաշտոնյան չի օժանդակել յուրացումներին:
Արսեն Մկրտչյան - Սա այն դեպքն է, երբ իմ պաշտպանյալը մեղադրանքի սուբյեկտ է դարձել բացառապես նրա համար, որ ցուցմունք չի տվել Արա Մինասյանի դեմ, և իմ պաշտպանյալը ցուցմունք չի տվել ոչ թե նրա համար, որ խելագարի պես նվիրված է նախկին իշխանություններին, այլ նրա համար, որ բուժող բժիշկը, բժշկությամբ զբաղվող մարդը այդ յուրացումներից չի էլ կարող ֆիզիկապես տեղյակ լինել:
Հարցին, թե պոլիկլինիկայի վարիչի տեղակալը չի՞ գրել ուղեգրեր ու պատմագրեր՝ իմանալով, որ դրանք իրականության հետ կապ չունեն, փաստաբանը պատասխանեց.
Արսեն Մկրտչյան - Ցավոք սրտի, նախաքննական գաղտնիքով կաշկանդված եմ, բայց հայերեն լեզվով, պարզ, հասանելի ձևով ասեմ՝ իմ պաշտպանյալը որևէ հանցագործություն չի կատարել, ոչ մի բանի էլ չի օժանդակել:
Բժշկական կենտրոնի մյուս նախկին պաշտոնյայի՝ պետական պատվերի փաստաթղթերի ձևակերպման աշխատանքների ծառայության ղեկավարի պաշտպան Լիլիթ Պինգոլցյանն ասաց՝ առանց իր վստահորդի համաձայնության` մեկնաբանություն տալ չի կարող:
Հեղինակ` Աննա Զախարյան: