Արդարադատության նախարարությունն առաջարկում է աճուրդով վաճառել կամ բարեգործական նպատակով նվիրաբերել պաշտոնյաների՝ գործուղումների ժամանակ ստացած, նաև արարողակարգային համարվող թույլատրելի արժեքից բարձր նվերները: Կլինի խմիչք, գիրք, կտավ, թե այլ նվեր` այն դառնում է պետության կամ համայնքի սեփականությունը, եթե թանկ է 60 հազար դրամից, հիշեցնում է մասնագետը:
Էլինա Գեղամյան (ՀՀ արդարադատության նախարարության խորհրդական) - Այս խումբ նվերների դեպքում, հիմնականում մենք այսպիսի տեսակի գույքի հետ գործ ունենք, որ, եթե դառնա պետության սեփականությունը, այդ գույքը, իր բնույթից ելնելով, չի կարող այդ մարմնի ամենօրյա խնդիրների լուծման նպատակով օգտագործվել, ու այս համատեքստում պետական կամ համայնքային գույքի արդյունավետ տնօրինման համար ավելի արդյունավետ է այդ գույքը որևէ եղանակով իրացնելը:
Օրենքի այս հատվածը բաց է, նկատում է Գեղամյանը, ասում՝ ստացվում է` թույլատրելի արժեքից բարձր նվերը դառնում է պետության կամ համայնքի սեփականությունը, բայց թե ինչ անել դրա հետ, որևէ կարգավորում չկա: Ըստ այդմ` որոշել են՝ աճուրդով վաճառվելու դեպքում հասույթը կուղղվի բարեգործական նպատակների համար, գործադիրը կամ համայնքի ավագանին, կախված` նվերն ով է ստացել, կսահմանի ցանկ, կտա նաև ցուցակ այն ֆիզիկական կամ իրավաբանական անձանց, որոնք նվիրաբերության տեսքով կարող են ստանալ գույքն ու օգտագործել այն բացառապես բարեգործական նպատակով:
Էլինա Գեղամյան - Նախագծի շրջանակում մենք նվիրաբերության տարբերակն ենք ընտրել, որպեսզի համապատասխան բարեգործական կազմակերպությունները կամ բարեգործություն իրականացնող այլ անձինք ստացված նվերը կարողանան տնօրինել միայն իրենց բարեգործական ծրագրերի իրականացման նպատակով, այսինքն` չունենանք այնպիսի իրավիճակ, որ ստանան այդ նվերն ու, օրինակ, այդ կազմակերպության ղեկավարը պահի իր մոտ:
Նախագիծը կազմելիս ուսումնասիրել են նաև միջազգային փորձը, Գեղամյանը նշում է՝ այսպիսի կարգավորումներ կան, օրինակ, Սլովենիայում, Իռլանդիայում, Միացյալ Նահագներում:
Էլինա Գեղամյան - ԱՄՆ-ում ունենք այսպիսի կարգավորումներ, երբ որ հանրային ծառայողների կողմից ստացված, ոչ թույլատրելի նվերները կարող են օրենքով սահմանված կարգով կոնկրետ նպատակով նվիրատվության տրվել կոնկրետ անձանց, ովքեր համապատասխան հայտ են ներկայացնում:
Շուտ փչացող, պահպանման էական ծախսեր պահանջող գույքի համար էլ անհապաղ իրացման կարգավորումներ կսահմանվեն, լիազոր մարմիններին կորոշի գործադիրը:
Նախարարությունում նշում են՝ փաթեթը, ընդունվելու դեպքում, ամբողջությամբ կսկսի գործել 2024-ի փետրվարից: