ԱՄՆ պետքարտուղարյությունը հրապարակել է Ադրբեջանի վերաբերյալ «Միջազգային կրոնական ազատության մասին 2022 թվականի զեկույցը»։ Փաստաթղթում հղում է արվում Cornell University Caucasus Heritage Watch հարթակի՝ 2022 թվականին արբանյակային պատկերների հիման վրա արված ուսումնասիրությանը, որի համաձայն՝ Նախիջևանի հայկական միջնադարյան և ժամանակակից 108 վանք, եկեղեցի և գերեզմանատուն 1997-2011 թվականներն ընկած ժամանակահատվածում ավերվել են։ Ի դեպ, դա Նախիջևանի ընդհանուր հայկական մշակութային ժառանգության 98 տոկոսն է: Ընդգծվում է, որ այդ մշակութային կոթողներից մի քանիսի, օրինակ՝ Սուրբ Թովմաս վանքի փոխարեն կառուցվել են մզկիթներ կամ քաղաքացիական այլ կառույցներ:
Պետքարտողարությունը մեջբերում է Caucasus Heritage Watch-ի եզրակացությունը.
«Այս բացահայտումներն ապացուցում են, որ լուռ և համակարգված մշակութային բնաջնջումը Ադրբեջանի ներքին էթնիկ քաղաքականության առանձնահատկություններից մեկն է»:
Զեկույցում նշվում է նաև, որ 2022 թվականի մարտ-հուլիս ամիսներին ավերվել է նաև Արցախի Մոխրենես գյուղի 18-19-րդ դարերի հայկական Սուրբ Սարգիս եկեղեցին:
«Կոթողի ավերումը Ադրբեջանի կողմից Արդարադատության միջազգային դատարանի՝ 2021 թվականի դեկտեմբերին կայացրած վճռի լուրջ խախտում է: Այդ որոշմամբ դատարանը կոչ էր արել Բաքվին կանխել նման միջադեպերը: Եկեղեցու ավերումը որևէ կապ չունի ճանապարհաշինության հետ, իսկ նման արարքների կրկնությունը կարող է վտանգի տակ դնել ողջ տարածաշրջանի մշակութային ժառանգությունը»:
Պետքարտուղարության զեկույցում ընդգծվում է՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետո ամերիկյան կողմը հանդես է եկել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հոգևոր և մշակութային վայրերի պաշտպանության կոչով:
Փաստաթղթում բազմաթիվ անդրադարձներ կան նաև Ադրբեջանում կրոնական խտրականության դեպքերի վերաբերյալ մի շարք կազմակերպությունների կամ լրատվամիջոցների հաղորդումներին։ Նշվում է, որ ամերիկյան կողմը բազմիցս փորձել է աջակցել այն անձանց ազատ արձակման հարցում, որոնք, քաղհասարակության տվյալով, բռնության են ենթարկվել և հայտնվել են բանտերում իրենց կրոնական համոզմունքների պատճառով:
Կրոնական փոքրամասնությունների իրավունքները ոտնահարելու համար ԱՄՆ-ը մեղադրել է նաև Թուրքիային: Այդ երկրի վերաբերյալ «Միջազգային կրոնական ազատության մասին 2022 թվականի զեկույցի» համաձայն՝ Թուրքիայի կառավարությունը սահմանափակում է, մասնավորապես, ոչ մահմեդական կրոնական փոքրամասնությունների իրավունքները, իսկ ալևիներին ճանաչում որպես իսլամական աղանդ կամ ճյուղավորում:
Փաստաթղթում արձանագրվում են նաև Թուրքիայում հայկական եկեղեցիների և դպրոցների վրա հարձակման դեպքերը: Ընդգծվում է, որ հայ և հունական համայնքների վրա ճնշումներ են գործադրվում, մասնավորապես, չի թույլատրվում կրոնական կրթություն ստանալ: