2022 թ. պետական գույքի մասնավորեցումից Հայաստանի պետական բյուջե 607 մլն դրամ է մուտքագրվել, համայնքների բյուջեներ փոխանցվել է 238 մլն դրամ: ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում պետական գույքի մասնավորեցման 2022 թվականի կատարողականն է ներկայացրել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը: Նրա խոսքով՝ ծրագրում կատարվել է հավելում. «Հերհեր» և «Արմենիկում» փակ բաժնետիրական ընկերություններն ընդգրկվել են մասնավորեցման ծրագրում:
Առնակ Ավետիսյան (ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ) - Այս պահին իրականացվում են կազմակերպությունների ֆինանսական և գույքային համալիրի ընդհանուր ստուգումներ, բավականին մեծաթիվ պարտավորություններ կան, մասնավորապես, «Արմենիկում» ՓԲԸ հաշվեկշռում, որի ուսումնասիրության համար իրականացվել է աուդիտ, դրա արդյունքներով դիմել են իրավապահ մարմիններ, եթե չեմ սխալվում, ունենք հարուցված քրեական գործ, կարծում եմ, որ արդյունքում էական կկարողանանք թեթևացնել կազմակերպության հաշվեկշիռը մեծ պարտավորություններից:
Պետության քաղաքականությունն է կազմակերպությունները մասնավորեցման ներկայացնել առողջ վիճակում, որպեսզի ներդրումների համար լինեն գրավիչ՝ ավելացրեց Ավետիսյանը: Թե ինչո՞վ է բացատրվում «Հերհեր» ՀԷԿ-ի մասնավորեցումը, Առնակ Ավետիսյանը մանրամասնեց.
Առնակ Ավետիսյան - Պետական հաշվեկշռում նմանատիպ կազմակերպությունների առկայությունը, որոնք պետական գործառույթների համար որևէ խնդիր, որպես էդպիսին, չեն լուծում, կարծում ենք՝ նպատակահարմար չէ, և ցանկալի է նոր ներդրումներ ներգրավելու, կազմակերպություններն ավելի արդիականացնելու, դրանց արդյունավետությունը բարձրացնելու և ընդհանուր տնտեսական և ներդրումային միջավայրը բարելավելու նպատակով մասնավորեցնել: Մասնավորեցման են ներկայացվում այն կազմակերպությունները, որոնք հավելյալ արդյունք պետության համար չեն ստեղծում և պետական գործառույթների հետ ուղիղ կապված չեն:
Օրենքի նախագիծը գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությամբ կքննարկվի ԱԺ լիագումար նիստում:
ԱՌԱՋԱՐԿՎՈՒՄ Է ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿԱՆԵՓԻ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՊԱՐԶԵՑՈՒՄ
Օրակարգայի հարցերից էր նաև «Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը: Առաջարկվում է արտադրական կանեփի հետ կապված գործունեության լիցենզավորման համար բիզնես ծրագիր ներկայացնելու պահանջը հանել՝ ներկայացրեց առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը: Նախագծի առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում լրացվել են՝ ներկայումս հստակեցվել է արտադրական կանեփի չորացված զանգված հասկացությունը, սահմանվել է ոչնչացման պահանջը:
Լենա Նանուշյան (ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ) - Առաջարկներից մեկն է 1 տարին դարձնել 2 տարի, որով տնտեսվարող սուբյեկտներին հնարավորություն ենք տալիս մինչև 2 տարվա ընթացքում պատրաստել արտադրությունը՝ կառույցները հիմնելով և մնացած պահանջները սահմանելով: Մտահոգություն էր հնչել, որ, հնարավոր է՝ որոշ դեպքերում մեկ տարին բավարար չի լինում այդ ամենը նախապատրաստելու:
Օրենքը հաստատվել է դեռ 2021-ին, որով Հայաստանում թույլատրել են արտադրական կանեփի արտադրությունը, ներմուծումը, արտահանումը, մեծածախ առևտուրը: Սակայն մինչև օրս միայն մի ընկերություն է զբաղվում այս բիզնեսով: Խնդիրը լուծելու համար տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանն առաջարկեց, որ նախագծի փոփոխությունները մշակի Էկոնոմիկայի, ոչ թե Առողջապահության նախարարությունը:
Բաբկեն Թունյան (ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ) - Որովհետև այս նախագիծը վերաբերում է կոնկրետ տնտեսությանը, չնայած փոփոխությունը կոնկրետ վերաբերում է օրենքին, որը ձեր նախարարությանն է վերաբերում, բայց ինքը տնտեսական խնդիր է լուծում:
Լենա Նանուշյան - Փոխվարչապետի գրասենյակի կողմից է ի սկզբանե ներկայացվել օրենքի նախագիծը՝ ԱԺ-ում առաջին անգամ հաստատվելու համար, իսկ հետագայում որոշում կայացվեց, որ ԱՆ-ն լիցենզավորման գործընթացը կիրականացնի, և Կառավարությունն է որոշել, որ այս նախագիծը մենք մշակենք ու ներկայացնենք:
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն էլ ներկայացրեց իրենց մոտեցումը՝ օրենքն իրեն չի արդարացրել, պետք է ամբողջությամբ փոխվի տրամաբանությունը: Օրենսդրի և գործադիրի ներկայացուցիչները համաձայնության չեկան, ծավալված քննարկումներից հետո նախագիծը ստացավ գլխադասային հանձնաժողովի բացասական եզրակացությունը:
Հեղինակ՝ Անի Օհանյան