ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է հայ-ադրբջանական սահմանին տիրող իրավիճակին և Սոթքի ուղղությամբ Ադրբեջանի՝ մայիսի 11-12-ի սադրանքին:
«Ցավոք, վերջին շրջանում՝ մայիսի 11-12-ին, Հայաստանի Գեղարքունիքի մարզի Սոթք բնակավայրի ուղղությամբ երկու կողմից արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտում: Ներկայումս իրավիճակը կայունացել է։
Կոչ ենք անում ադրբեջանական և հայկական կողմերին զերծ մնալ սադրիչ գործողություններից և իրավիճակի սրումից:
Համարում ենք, որ բոլոր վիճելի հարցերը պետք է լուծվեն քաղաքական-դիվանագիտական ոլորտում, դիվանագիտական մեթոդներով։ Մտադիր ենք ամեն կերպ նպաստել դրան, այդ թվում՝ մայիսի 19-ին Մոսկվայում կայանալիք հանդիպումների ժամանակ»,- ասել է Զախարովան։
Ավելի վաղ՝ ճեպազրույցի մեկնարկին, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը
տեղեկացրել էր, որ Մոսկվայում կհանդիպեն ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարները: