Մայիսի 17-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչին: Հանդիպումը կայացել է Ռեյկյավիկում անցկացվող Եվրոպայի խորհրդի 4-րդ գագաթնաժողովի շրջանակներում:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից, երկուստեք կարևորվել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակի հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը, քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։
Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին: Երկուստեք ընդգծվել է Լեռնային Ղարաբաղ մարդասիրական մուտքի ապահովման և մարդասիրական բնույթի խնդիրների հասցեագրման հրամայականը:
Նախարար Միրզոյանը շեշտել է, որ Ադրբեջանի կողմից սադրիչ և ագրեսիվ գործողությունները ոչ միայն 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, այլ նաև միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի, Արդարադատության միջազգային դատարանի որոշման կոպտագույն խախտում են: Նախարարն ընդգծել է Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների կանխման նպատակով միջազգային կառույցների կողմից շարունակական հասցեական հայտարարությունների և գործնական քայլերի կարևորությունը: