ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Հարավային Կովկասում Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի փոխգործակցության շուրջ ստեղծված իրավիճակը միատարր չի համարում։
Ճեպազրույցում դիվանագետն ասել է, որ կան շփման եզրեր, բայց կան նաև կետեր, որոնց շուրջ ՌԴ-ի և Թուրքիայի դիրքորոշումները տարբերվում են։
«Սա բացարձակապես նորմալ աշխատանքային գործընթաց է, բայց պետք է խոսել ոչ թե ընդհանուր առմամբ, այլ գնահատել փոխգործակցության կոնկրետ մասը: Կան հարավկովկասյան ուղղությամբ հաջող փոխգործակցության օրինակներ, կա Սիրիայի հարցով համագործակցության օրինակ, երբ մեկ կամ երեք-չորս տարի առաջ ոչ ոք չէր պատկերացնի, որ հնարավոր կլինի համաձայնության գալ այս ձևաչափերի ու այս հարցերի շուրջ։ Երկու երկրի ղեկավարության ջանքերի շնորհիվ հնարավոր եղավ գտնել ելքեր այն իրավիճակներից, որոնք շատերը համարում էին անլուծելի»։