ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 17-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2022 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» օրենքի նախագիծը, որի նպատակն է տրամադրել պետական գույքի մասնավորեցման ծրագրում ընդգրկված ընկերությունների (գույքի) նկատմամբ 2022 օրացուցային տարում իրականացված մասնավորեցման գործարքների, լուծարման գործընթացի մասին տեղեկությունները, ինչպես նաև ներկայացնել պայմանագրային պարտավորությունների կատարման ընթացքը` հնարավորություն տալով նաև իրազեկել հանրությանը մասնավորեցման գործընթացի վերաբերյալ: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը նշել է, որ հաշվետու ժամանակաշրջանում մասնավորեցումից ստացված միջոցները կազմել են 845,281.16 հազար դրամ, որից` ընկերությունների մասնավորեցումից ստացված միջոցները` 826,215.15 հազար դրամ, նախորդ տարիներին մասնավորեցված «փոքր» օբյեկտներից հաշվետու ժամանակահատվածում տարաժամկետ վճարման ենթակա վճարումներից ստացված միջոցները` 19,066.01 հազար դրամ: Սեփականաշնորհման հաշվին պետական բյուջե մուտքագրվել է 607,020.09 հազար դրամ, իսկ համայնքների բյուջեներ՝ 238,261.07 հազար դրամ:
Նշվել է նաև, որ հաշվետու ժամանակահատվածում դասական աճուրդով վաճառվել են մեկ ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը և 55 անվանումով պետական միջոցները, իսկ ուղղակի վաճառքով` մեկ պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը: