Տուգանքը Հարկադիրում վճարող վարորդների ու մյուս քաղաքացիների համար նորություն կա։ Ծառայությունը ներդրել է խմբային վճարումների նոր ծրագիր, ինչը թույլ է տալիս միասին, մեկ գործարքով գանձել նույն անձի և երթևեկության ակտը, և ասենք՝ ուշացրած գույքահարկը։ Այդպես կարողանում են մարդկանց ավելի արագ սպասարկել․․․ վստահեցնում են կառույցի պատասխանատուները։
Խաչատուր Իգիթյան (ՀՀ ԱՆ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության քաղաքացիների սպասարկման բաժնի պետ) - Քաղաքացին, ենթադրենք, 10 վարույթով պետք է գործուղություն աներ նախկինում առանձին-առանձին, իսկ այժմ աշխատակիցը միանգամից մի գումարով վերցնում է ամբողջը․․․
Մեկ շաբաթ է՝ տեխնիկական փոփոխությունն ուժի մեջ է։ Նաև հերթերի կառավարման համակարգի են անցել: Արդյունքում հնարավոր է լինում գրասենյակում օրվա ընթացքում ընդունել-ճանապարհել մոտ 600 քաղաքացու։ Սպասարկման սրահ մարդիկ գալիս են տարբեր պատճառներով՝ «ինչո՞ւ է բանկային իր հաշվի վրա կալանք դրվել» հարցից մինչև խորհրդատվություն, դիմում գրել և, իհարկե, վճարում անելու․․․
Խաչատուր Իգիթյան - Գերակշռում են վարչական ակտերով պայմանավորված ակտերը, քանի որ շատ քաղաքացիներ ՃՈ-ի կողմից կայացված ակտերը ժամանակին չեն կատարում, մեր կողմից վարույթ է հարուցվում․․․
Իգիթյանն ասում է՝ Հարկադիրը վարույթ չի հարուցի՝ արգելափակի ֆինանսական հաշիվը, եթե ակտերը ժամանակին վճարեն։ Որպեսզի մարդիկ չմնան փոստով-ծրարով ծանուցում ստանալ-չստանալու հույսին՝ Ծառայությունը դեռ մեկ տարի առաջ պաշտոնական կայքէջում «Անձնական գրասենյակ» հարթակ է բացել։ Բնակչությանն առաջարկում է գրանցվել այդտեղ, նույնականացվել և նշած մեյլին անմիջապես ստանալ իր հետ կապված բոլոր արձանագրությունները։ Թվային այդ հարթակից արդեն 7000 մարդ է օգտվում։
Վարդուհի Պետրոսյան (ՀՀ ԱՆ գլխավոր հարկադիր կատարողի օգնական) - Նախատեսել ենք նաև մոբայլ տարբերակը, որը քաղաքացին իր հեռախոսում ունենալուվ (սա հավելված չէ, որ կարող է ներբեռնել, այլ Գուգըլի կամ այլ որոնողական համակարգում), գրելով ՔԵՍԱ․ամ և ունենալով մոբայլ կամ վեբ տարբերակից՝ հասանելի, միշտ բաց պահելու դեպքում կլինի իրազեկված․․․
Եթե ինտերնետից ինքնուրույն չեք կարող իմանալ ձեր բռնագանձման թե այլ վարույթների մասին, գոնե թեժ գծից //88-19, #Քո_Արգելանքը 88-29// ընթացիկ մանրամասներ ճշտեք, նոր եկեք սպասարկան բաժին՝ Հարկադիրի հերթերից բողոքողներին խորհուրդ են տալիս ծառայությունից։
Խաչատուր Իգիթյան - Քաղաքացին կարող է զանգահարել մեր թեժ գծի 8819 կամ քո արգելանքը արագ արձագանքման խմբի 8829 հեռախոսահամարով, եթե հարկադիր կատարողի հետ կապ հաստատելու կարիք լինի՝ տեղում օպերատորը կկապի․․․
Իգիթյանի պնդմամբ՝ զանգերի ծառայությունն էլ են բարեփոխել։ Տեխնիկական կարգավորման փուլում է նաև կրկնակի գանձումների խնդիրը․ որպեսզի բանկում կամ տերմինալով վճարածի հաստատումն անմիջապես բազա հասնի, Հարկադիրը թարմացրել է իր ծրագրային ապահովումը։ Սպասում է՝ ֆինանսական կառույցները միանան ցանցին։ Համակարգը վերջնական երբ կգործարկվի՝ ժամկետ չեն նշում։