Պաշտպանություն՝ պրոֆեսիոնալ բանակով, զարկ ծնելիությանը և սոցիալ-տնտեսական խնդիրների լուծում. Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հնչեցրեց այն քայլերը, որոնք մտադիր է կյանքի կոչել, եթե նշանակվի պետնախարար: Բաբայանը հայտարարեց, որ մտահոգված է Արցախում և նրա շուրջ ստեղծված ռազմաքաղաքական, սոցիալ-տնտեսական, բարոյահոգեբանական իրավիճակով, համաձայն չէ իշխանությունների՝ Արցախի մարտահրավերներին և սպառնալիքներին անհամարժեք գործողությունների հետ:
Սամվել Բաբայան («Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ) - Այն բոլոր հարցերը, այն բոլոր խնդիրները, որ ես ձևակերպել եմ` 5 կետից բաղկացած, ինչպես ասել եմ, 100 օրվա մեջ պետք է կատարենք: Եթե մեզ տան այդ հնարավորությունը, և եթե մենք պահանջենք, և այդ հնարավորությունը մենք ստանանք, մենք պետք է դա 100 օրում կատարենք:
Հանրահավաքի մասնակիցները հանրագիր ներկայացրեցին, որում ձևակերպված է Սամվել Բաբայանին Արցախի պետնախարար նշանակելու իրենց պահանջը: Այն ստացավ հրապարակ հրավիրված Արցախի խորհրդարանի ղեկավարը:
Արթուր Թովմասյան (Արցախի ԱԺ նախագահ) - Ձեր պահանջը անպայման ես ներկայացնում եմ երկրի նախագահին, և սկսում ենք քաղաքացիական կոնսուլտացիաները քաղաքական ուժերի ղեկավարների հետ: Արցախը եղել է, կա ու լինելու է:
Սամվել Բաբայանն ու իր թիմակիցներն Արցախի իշխանություններից պահանջեցին հանրագրին արձագանքել 2 ժամվա ընթացքում, հակառակ դեպքում կդիմեն վճռական քայլերի: Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հրապարակի իրադարձություններին արձագանքեց ֆեյսբուքյան գրառմամբ: Նշեց, որ հանրագիրը ստացել է:
Արայիկ Հարությունյան (Արցախի նախագահ) - Ելնելով Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ իմ ստանձնած պարտավորություններից ու լիազորություններից, հավաքին մասնակցած մեր քաղաքացիների նկատմամբ հարգանքից, հաշվի առնելով լսված լինելու նրանց իրավունքը՝ որոշել եմ ընդառաջ քայլ կատարել: Ուստի, հավաքի ներկայացուցիչներին առաջարկել եմ վաղվանից սկսել քննարկումներ ու խորհրդակցություններ նրանց կողմից ներկայացված առաջարկների ու ծրագրերի շուրջ:
Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա պատրաստ եմ օգտագործել յուրաքանչյուրի գիտելիքները և փորձը՝ ի նպաստ մեր երկրի անվտանգության, խաղաղության և մեր ժողովրդի բարօրության:
Միաժամանակ ընդգծում եմ, որ հատկապես այս ճգնաժամային պայմաններում մենք պարտավոր ենք ցուցաբերել զսպվածություն, խոհեմություն և պատասխանատվություն՝ առաջնորդվելով բացառապես Արցախի Հանրապետության ու մեր ժողովրդի շահերով:
Արցախի իշխանությունները հանրահավաքի մասնակիցներին տեղեկացրեցին, որ հանրագրին կպատասխանեն տասնօրյա ժամկետում: