Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ուկրաինային լրացուցիչ սպառազինություն կմատակարարի, այդ թվում՝ հեռահար հրթիռներ, որոնք Կիևին հնարավորություն կտան հակահարձակում սկսել:
Մակրոնը շեշտել է, որ Փարիզը պատրաստ է վերապատրաստել ուկրաինացի օդաչուներին, և ուսումնական ծրագրերը կարող են սկսվել անմիջապես։
Ուկրաինային ռազմական ինքնաթիրռներ մատակարարելու մասին լրագրողի հարցին ի պատասխան՝ Ֆրանսիայի առաջնորդը նշել է, որ Զելենսկու հետ հանդիպման ընթացքում այդ հարցը չի քննարկվել:
Մակրոնի խոսքով՝ Ֆրանսիան Ուկրաինային այնպիսի զենք չի մատակարարում, որը թույլ կտա հարձակվել Ռուսաստանի վրա: «Ֆրանսիայի ռազմավարությունը պարզ է. շարունակել օգնել Ուկրաինային գոյատևել, և երբ ժամանակը գա, աջակցել բոլոր կողմերին՝ վերադառնալու բանակցությունների սեղան՝ կայուն խաղաղություն կառուցելու համար»,- ասել է Ֆրանսիայի նախագահը:
Ավելի վաղ Կիևին հեռահար հրթիռներ էր փոխանցել նաև Մեծ Բրիտանիան: Ուկրաինական կողմն արդեն սկսել է դրանց կիրառումը: