Հայ բժիշկներն ուռուցքաբանության համաշխարհային հանրության ակտիվ մասն են կազմում, և այս տարի մեր երկիրն է հյուրընկալել Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի մանկական առաջատար ուռուցքաբաններին: Այդ մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
«Մանկական ուռուցքաբանությունը և արյունաբանությունը Հայաստանում բժշկության ամենաարագ զարգացող ոլորտներից են»,- ողջունելով մանկական արյունաբանության փորձագետների միջազգային հանդիպման պատվիրակներին` նշել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Մայիսի 16-17-ը Երևանում ընթացող միջազգային հանդիպմանը աշխարհի առաջատար կլինիկաներից մի քանի տասնյակ ուռուցքաբաններ և մանկական քաղցկեղով զբաղվող հիմնադրամներ կմասնակցեն աշխատաժողովների, կքննարկեն մանկական ուռուցքաբանության ոլորտում ի հայտ եկող մարտահրավերներն ու դրանց դիմակայելու ուղիները:
Երկօրյա միջազգային հանդիպման ընթացքում մասնագիտական փորձի փոխանակման և միջազգային կլինիկաների հետ նոր համագործակցության հնարավորություններ կստեղծվեն: