Ստուգումներ, իրազեկման աշխատանքներ, մարզային այցեր. Կրթության տեսչական մարմինը ներկայացրել է 2023 թվականի առաջին եռամսյակի գործունեության հաշվետվությունը: Հանրակրթության ոլորտում իրականացված 30 ստուգման արդյունքում կրթության բնագավառը կարգավորող օրենսդրության պահանջների խախտումներ են արձանագրվել ստուգված դպրոցներից 29-ում: Տեսչականից հայտնում են՝ խոսքը 500-ից ավելի խախտման մասին է:
Վաղարշակ Մատիկյան (ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավար) - Մենք խնդիրներ ունենք տնօրենների ներկայացվող պահանջների կատարման առումով, սակայն այստեղ կան նաև խնդիրներ, որոնք համակարգային բնույթ ունեն: Խնդիրներ ունենք ներքին գնահատման գործընթացի հետ կապված, ուսուցիչների նշանակման հետ կապված: Այստեղ նույնպես խնդիրները երբեմն համակարգային բնույթ ունեն, սակայն ընդհանուր դրական դինամիկա կա խախտումների նվազման, և սա, բնականաբար, մի քանի պատճառ ունի, կարծում եմ, դրանցից մեկը վերջին տարիներին կրթության ոլորտում իրականացվող լայնածավալ բարեփոխումներն են:
Բացի դրանից՝ ըստ հաշվետվության՝ ստուգված դպրոցների 77%-ը սահմանված կարգով չի իրականացրել մանկավարժական աշխատողների նշանակումը, 53%-ը՝ սովորողների համակազմի ձևավորումը, իսկ 33%-ը՝ ներքին գնահատման գործընթացը: Այս տարի ընդհանուր նախատեսված է ուսումնասիրել ստուգման ենթակա 140 ուսումնական հաստատություն, որից 120-ը՝ հանրակրթական, 11-ը նախնական և միջին մասնագիտական, իսկ 9-ը՝ նախադպրոցական:
Վաղարշակ Մատիկյան - Մենք ստուգումներ ենք իրականացնում նաև դիմում-բողոքների հիման վրա, վարչապետի հանձնարարականի հիման վրա, ինչպես նաև պետական մարմիններից ստացած տեղեկատվության հիման վրա, որի արդյունքում, բնականաբար, տարվա ընթացքում այս 140 ուսումնական հաստատությունից բացի ստուգվում են նաև այլ ուսումնական հաստատություններ:
2023 թ. առաջին եռամսյակում տեսչականում 6 ուսումնական հաստատության գործունեության վերաբերյալ ստացվել է 9 դիմում-բողոք, որոնք վերաբերել են տնօրենի անօրինականություններին, մանկավարժների պարտականությունների թերացմանը, դրամահավաքությանն ու կառավարման խորհրդի ձևավորմանը:
Հեղինակ՝ Լիանա Խաչատուրյան