Կենտրոնական Ասիայի որոշ երկրներ հասկացնում են, որ կարող են միանալ Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցներին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը:
«Չնայած միակողմանի տնտեսական սահմանափակումների անընդունելիության և ոչ լեգիտիմության վերաբերյալ դիրքորոշումների համընկնմանը՝ Կենտրոնական Ասիայի մի շարք երկրներ, այնուամենայնիվ, չեն ցանկանում ռիսկի դիմել և հասկացնում են արևմտյան սահմանափակող միջոցներին հետևելու պատրաստակամության մասին»,- ասել է փոխնախարարը:
Գալուզինի խոսքով՝ Ռուսաստանը որևէ երկրի չի թելադրում, թե ինչ արտաքին և ներքաղաքական ուղղությամբ պետք է նրանք շարժվեն, եթե դա չի հակասում փոխադարձ պարտավորություններին, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի և ԱՊՀ-ի առումով:
«Մենք վստահ ենք, որ կենտրոնասիական մայրաքաղաքներում դա լավ են տեսնում և հասկանում. Ռուսաստանի հետ կապերի արհեստական խզումը կարող է ավելի մեծ վնաս հասցնել, քան տխրահռչակ երկրորդային պատժամիջոցներից առաջացած ծախսերը»,- հավելել է Գալուզինը:
Նրա խոսքով՝ Մոսկվան տրամադրված է Կենտրոնական Ասիայի երկրների հետ ռազմավարական գործընկերության հարաբերությունների շարունակական ամրապնդմանը: