ՎՐԱՍՏԱՆԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ ԹՌԻՉՔՆԵՐ ԿԻՐԱԿԱՆԱՑՎԵՆ
Վրաստանի և Ռուսաստանի միջև թռիչքներ կիրականացնեն ռուսական Azimuth Airlines և վրացական Georgian Airways ավիաընկերությունները: Ռուսական ընկերությունը, ըստ Վրաստանի Քաղաքացիական ավիացիայի գործակալության, ներառված չէ ԵՄ սև ցուցակում:
Չվերթները կմեկնարկեն առաջիկա օրերին և կիրականացվեն շաբաթական յոթ անգամ:
Վրաստանի էկոնոմիկայի նախարար Լևան Դավիթաշվիլին հայտարարել է, որ Վրաստանի զբոսաշրջության ոլորտը Ռուսաստանի հետ օդային հաղորդակցության վերականգնումից հետո տարեկան 300-ից 400 մլն դոլարի հավելյալ շահույթ կստանա:
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն էլ շեշտել է, որ պատժամիջոցների տակ գտնվող որևէ ընկերություն կարողանա թռիչքներ իրականացնել Վրաստանում։
Թեմային անդրադարձել են Բրյուսելից: ԵՄ-ն ափսոսանք է հայտնել, որ Վրաստանի իշխանությունները որոշել են վերսկսել թռիչքները Ռուսաստանի հետ, ինչը մտավախություն է առաջացրել Վրաստանի եվրոպական ուղու վերաբերյալ՝ Բրյուսելում կայացած ճեպազրույցում հայտարարել է միության արտաքին ծառայության խոսնակ Պետեր Ստանոն։ Հա հիշեցրել է, որ ԵՄ-ն և մի շարք գործընկերներ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի նկատմամբ, այդ թվում՝ ավիացիոն ոլորտում:
ԷՐԴՈՂԱՆԸ ԵՎ ՔԸԼԸՉԴԱՐՕՂԼՈՒՆ ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ ԵՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
«Ժողովրդական դաշինքը» պատվով է հաղթահարել նախագահական ընտրության առաջին փուլը: Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ ամփոփելով կիրակի օրը տեղի ունեցած քվեարկության արդյունքները։ «Մենք մեծ պայքար ենք մղել՝ ուշադրություն չդարձնելով սադրանքներին ու ճնշումներին։ Մենք չենք հանձնվել դժվարությունների պատճառով»,- գրել է նա՝ շեշտելով՝ մայիսի 28-ին նախատեսվող ընտրության երկրորդ փուլը Թուրքիայի համար կնշանավորվեն որպես նոր դարի սկիզբ:
Ընտրությունների երկրորդ փուլին է անդրադարձել նաև ընդդիմադիր «Ազգային» դաշինքի կողմից առաջադրված, «Ժողովրդահանրապետական կուսակցության» առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն: Twitter-ում նա գրառում է արել՝ դիմելով ժողովրդին։ «Մենք ոտքի կկանգնենք և միասնաբար կհաղթենք այս ընտրությունում։ Ամենավերջում լինելու է այնպես, ինչպես կասի մեր ազգը»,- գրել է ընդդիմադիր թեկնածուն։
ՍԻՐԻԱՅԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՈՒԴՅԱՆ ԱՐԱԲԻԱՅՈՒՄ Է
Սիրիայի ատգործնախարարի գլխավորած պատվիրակությունը Սաուդյան Արաբիայում է՝ Արաբական պետությունների լիգայի գագաթնաժողովին ընդառաջ նախապատրաստական հանդիպումներին մասնակցելու նպատակով: Ֆեյսալ Միքդադը նշել է, որ սա նոր հնարավորություն է՝արաբական երկրներին հայտարարելու, որ Դամասկասը չի նայում հետ՝ անցյալին, այլ անհամբեր սպասում է ապագային:
Սիրիայի արտգործնախարարի խոսքով՝ կան բազմաթիվ մարտահրավերներ, որոնք պետք է քննարկվեն, այդ թվում՝ արաբ-իսրայելական հակամարտությունը: Վերջին անգամ Սիրիան Արաբական պետությունների լիգայի գագաթնաժողովին մասնակցել է 2010 թ.-ին: Սիրիայի անդամակցությունը Արաբական լիգային դադարեցվել էր 2011 թվականի նոյեմբերին: Գագաթնաժողովն այս տարի տեղի կունենա մայիսի 19-ին Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում, որին կմասնակցի նաև Սիրիայի նախագահը:
ԻՍՐԱՅԵԼԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՆԱԽԱՏԵՍՈՒՄ Է ԱՅՑԵԼԵԼ ԱԴՐԲԵՋԱՆ
Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը ծրագրում է մայիսի վերջին այցելել Ադրբեջան՝ լրատվամիջոցներին հայտնել է Թել Ավիվում Ադրբեջանի դեսպան Մուխթար Մամեդովը:
Ավելի վաղ՝ Մամեդովի հետ հանդիպման ժամանակ, Հերցոգը հայտարարել էր Ադրբեջան այցելելու իր մտադրության մասին: Ապրիլի կեսերին էլ ներկայացուցչական կազմով Բաքվում էր Իսրայելի ԱԳ նախարար Էլի Քոհենը, որը հանդիպումներ անցկացրեց նախագահ Իլհամ Ալիևի, ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և այլ պաշտոնյաների հետ։