Մայրաքաղաքի Արցախի փողոցի ավտոտնակներից մեկի հետնամասում լքված նորածնի վիճակը բժիշկը գնահատում է կայուն-ծանր, դեռ որոշ ժամանակ երեխան կմնա բժիշկների հսկողության տակ: Իրավապահները պարզում են ծննդկանի ինքնությունը, այս ընթացքում շատերն են ցանկություն հայտնել որդեգրել աղջնակին:
Էտիբարյան Անուշ («Մուրացան» համալսարանական հիվանդանոցի գլխավոր բժշկի բուժական գծով տեղակալ) - Զանգում են` ինչի անհրաժեշտություն կա, բայց հիվանդանոցն ապահովում է ամեն ինչով, և հիվանդանոցը ոչինչ չի ընդունում:
Մայիսի 11-ին` 16:30-ի սահմանում Շտապօգնությունն է տեղափոխել փոքրիկին «Մուրացան»՝ ծանր վիճակում:
Էտիբարյան Անուշ - Ջերմաստիճանի անկում ուներ մինչև 31 աստիճան և շնչառական անբավարարություն: Հիմա համարվում է կայուն ծանր:
Դրական դինամիկա կա, բայց դեռ ինքնուրույն չի շնչում, անորոշ է՝ դեռ ինչքան ու ինչ ինտենսիվությամբ է բուժում ստանալու:
Էտիբարյան Անուշ - Պորտալարից դատելով` մեզ մոտ ընդունման ժամանակ մի քանի ժամվա ծնված է եղել:
Ու եթե մի քանի ժամ էլ մնար դրսում, գուցե չապրեր, ավելացնում է բժշկուհին:
Խոսքն Արցախի 8/4 շենքի բակի ավտոտնակների հետնամասում գտնվող կիսաքանդ ավտոտնակի մասին է. այդտեղից է բնակչուհին գտել փոքրիկին. երեխաների հետ տուն վերադառնալիս երեխայի լացի ձայն է լսել, մոտեցել: Նորածինը կեղտոտ կտորով փաթաթված է եղել, տարածքն էլ այսքան մաքուր չի եղել՝ կեղտոտ ներքնակ, բարձ, աղբի կույտեր են եղել:
Բնակիչներն են պատմում` այս տարածքում գրեթե շարժ չկա, և փոքրիկին գտնելը բախտի բան էր: Մանրամասներ չգիտեն, իսկ փոքրիկին գտած կինը տանը չէր: Նաև չգիտեն` ինչու հենց այս տարածքում են նորածիններին թողնում: Վերջին մի քանի տարվա մեջ այս աղջիկը լքված երրորդ երեխան է:
Այս դեպքով կասկածյալ դեռ չկա, քննչական կոմիտեից փոխանցեցին: Քննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում ծննդկանի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու, ինչպես նաև նորածին երեխայի՝ նշված վայրում անօգնական վիճակում թողնելու, հնարավոր արտահիվանդանոցային ծննդաբերության հանգամանքները պարզելու ուղությամբ։ Նաև գրություններ են ուղարկել հղիության հսկմամբ զբաղվող բուժհաստատություններ՝ պատասխանի են սպասում: Քանի որ 2021թ․ ևս մեկ նման դեպք էր արձանագրվել նույն հասցեում, քննության խնդիրներից է նաև այս երկու դեպքերի միջև հնարավոր առնչությունները պարզելը, հայտնում են քննչականից։
2021 հուլիսի 15-ին էր նախորդ դեպքը գրանցվել: Բայց ոչ թե մարդկանցից հեռու` այսպիսի պայմաններում էին թողել, այլ շենքի 4-րդ հարկի բնակարաններից մեկի դիմաց: Չնայած քրեական գործ էր հարուցվել, բայց այդպես էլ չէր պարզվել՝ ով է եղել արկղի մեջ հայտնաբերված աղջկա մայրիկը:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից նշեցին՝ փոքրիկը հիվանդանոցից տեղափոխվել էր մանկան տուն, այնտեղից՝ որդեգրվել:
Ընկեցիկ երեխաները շատ չեն, նշում են նախարարությունից: 2018-ին նման մեկ դեպք է եղել, փոքրիկին որդեգրել են, 2021-ին էլ, բացի Արցախի 8-ի 4 շենքի դեպքից, մեկ տղա երեխա էին գտել, նա ևս այժմ ընտանիք ունի:
Օրեր առաջ գտած այս նորածին աղջկան ևս որդեգրելու ցանկություն ունեցողներն արդեն շատ են: Հիվանդանոց են դիմում, բայց նրանք նման լիազորություն չունեն, պետք է դիմել տվյալ համայնքի խնամակալության մարմին կամ Երևանի քաղաքապետարան: Ծնողների, բարեկամների չհայտնվելու դեպքում այդ օղակն է որոշելու՝ երեխային տալ խնամակալության, թե նախարարության միջոցով՝ խնամքի կենտրոն:
«Մուրացան» հիվանդանոցում արդեն իսկ երեխայի փաստաթղթերով են զբաղվում, երբ ծննդյան վկայականը հանելու լինեն՝ նաև անունը կորոշեն:
Հեղինակ` Իրինա Մկրտչյան: