2023-ի առաջին եռամսյակում Հայաստանի քաղաքացիներն ավելի շատ վերադարձել, քան մեկնել են մեր երկրից: Սահմանահատումների վերաբերյալ հունվար-մարտի տվյալներն է ամփոփել Վիճակագրական կոմիտեն: Գրանցվել է 388 հազար 985 մուտք, և 388 հազար 475 ելք. դրական տարբերությունը 510 է:
Նելլի Դավթյան (ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության հանրային կապերի պատասխանատու) - Գրեթե միշտ, չհաշված 2020-ը, որը քովիդով, քովիդի սահմանափակումներով պայմանավորված՝ համադրելի տարի չէ մնացած տարիների հետ, մենք միշտ առաջին եռամսյակում ավանդաբար ունենում ենք բացասական տարբերություն, և այդ բացասականը բավականին մեծ է լինում: Օրինակ՝ անցյալ տարի այն կազմել է 8000:
Իսկ 2021-ին ելքերը մուտքերից 63 հազարով ավելի են եղել: Առաջին եռամսյակը բացասական ցուցանիշով փակելու հիմնական պատճառը միշտ եղել է աշխատանքային միգրացիան: Ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով նվազել է դեպի Ռուսաստան մեկնող հայաստանցի աշխատանքային միգրանտների թիվը: «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ Տաթև Վարդանյանը վերջին տարիներին առաջին անգամ գրանցված դրական հաշվեկշիռը պայմանավորվում է առաջին հերթին այդ հանգամանքով:
Տաթև Վարդանյան («Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ) - Երկու ձևով ենք սահմանահատումները հաշվարկում: Մի հատ ընդհանուր սահմանահատումների թիվ ունենք, և դրա մեջ՝ ՀՀ անձնագրերով սահմանահատումների դինամիկան, որ հասկանանք՝ ինչքանով է ՀՀ-ն օտարերկրացիների համար հետաքրքիր, և ինչքանով են մեկնում կամ վերադառնում Հայաստան:
Հունվարից մարտ ընդհանուր առմամբ Հայաստանից մեկնել է 11 հազար մարդ: Դեպի Հայաստան Ռուսաստանի և Ուկրաինայի քաղաքացիների հոսք սկսվեց նախորդ տարվա մարտին: 2022-ի առաջին երեք ամիսներին Դաշնությունից մեր երկիր մուտքերի թիվը 142 հազար էր, ելքերը՝ 138 հազար. տարբերությունը՝ մոտ 4000:
Նելլի Դավթյան - Իսկ այս տարի արդեն առաջին եռամսյակում մենք արձանագրել ենք մինուս 14 հազար տարբերությունը, այսինքն՝ այդքանով ավելի ՌԴ քաղաքացի դուրս է եկել ՀՀ-ից, քան մուտք են գործել:
Տաթևիկ Բեժանյան («Հայկական կարիտաս» ՀԿ միգրացիոն ծրագրի փորձագետ) - 2023-ի հարաբերական անդորր էր, մի հատվածը մեկնել է ՌԴ քաղաքացիներից, չի բացառվում, որ կան նաև ազգությամբ հայեր, որ մինչև ամանոր եկել էին նշելու և ՀՀ սահմանը հատել են ՌԴ անձնագրով, քանի որ սահմանահատումները ազգությամբ չէ, այլ քաղաքացիությամբ:
Այս տարվա առաջին եռամսյակում բացասական է նաև Ուկրաինայի քաղաքացիների սահմանահատումների տարբերությունը, ավելի շատ մեկնել են, քան եկել: