Ռուսաստանի և Ուկրաինայի իշխանությունները համաձայնել են ընդունել Աֆրիկայի երկրների պատվիրակությանը՝ հակամարտության խաղաղ կարգավորում գտնելու նպատակով: Այս մասին երեքշաբթի հայտարարել է Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամապոսան Սինգապուրի վարչապետ Լի Սյան Լունի հետ բանակցություններից հետո։
«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին համաձայնել են ընդունել աֆրիկյան մի շարք պետությունների ղեկավարների առաքելությունը Մոսկվայում և Կիևում: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին և Աֆրիկյան միության ղեկավարությանը տեղյակ ենք պահել այս նախաձեռնության մասին»,- ասել է Ռամապոսան:
Նրա խոսքով՝ Ուկրաինայում ճգնաժամի կարգավորման նախաձեռնությամբ հանդես եկած երկրների շարքում են Եգիպտոսը, Զամբիան, Կոնգոյի Հանրապետությունը, Սենեգալը, Ուգանդան և ՀԱՀ-ը: Ռամապոսան չի հստակեցրել, թե երբ է նախատեսվում իրականացնել այդ առաքելությունը։
«Աֆրիկան մտահոգված է Ուկրաինայի ճգնաժամով, որն ուղղակիորեն բացասաբար է ազդում աֆրիկյան երկրների վրա՝ առաջացնելով սննդամթերքի և վառելիքի գների բարձրացում»,- նշել է նախագահը: