ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ անիմաստ կլինի խոսել Ուկրաինայի՝ դաշինքին միանալու մասին, եթե երկիրը չկարողանա հաղթել պատերազմում՝ որպես ինքնիշխան, անկախ պետություն։
Նրա խոսքով՝ հուլիսին կայանալիք գագաթնաժողովի ընթացքում ՆԱՏՕ-ի դաշնակիցները Ուկրաինային աջակցելու հստակ ուղերձներ կունենան:
«Ակնկալում եմ, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցները կասեն, որ Ուկրաինան դաշինքի անդամ կդառնա։ Սա բազմիցս ասվել է։ Ուկրաինան իրավունք ունի ընտրելու իր ուղին: Մոսկվան չի որոշում, թե ինչ կարող է անել Ուկրաինան, այլ Ուկրաինան է որոշում»,- նշել է Ստոլտենբերգը Կոպենհագենում Ժողովրդավարության գագաթնաժողովում։
Բացի դրանից՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հույս է հայտնել, որ գագաթնաժողովում կպայմանավորվեն Ուկրաինայի համար բազմամյա ծրագրի մշակման շուրջ, որը կօգնի երկրին խորհրդային ժամանակաշրջանի չափանիշներից անցնել ՆԱՏՕ-ի չափանիշներին և սարքավորումներին։