Եվրոպական Միությունը ցավում է, որ Վրաստանի իշխանությունները որոշել են վերսկսել ավիահաղորդակցությունը Ռուսաստանի հետ, դա մտահոգություն է առաջացնում Վրաստանի եվրոպական ուղու համար: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պետեր Ստանոն:
«Մենք ի գիտություն ենք ընդունել համապատասխան որոշումները: Մենք ցավում ենք ավիափոխադրումների արգելքը վերացնելու մասին Մոսկվայի որոշումից հետո Ռուսաստանի հետ թռիչքները վերսկսելու Վրաստանի որոշման համար: ԵՄ-ն և մի շարք գործընկերներ պատժամիջոցներ են սահմանել ռուսական ավիասեկտորի դեմ, Մենք թույլ չենք տալիս թռիչքներ Ռուսաստանից և դեպի Ռուսաստան։ Վրացական իշխանությունների այս վերջին որոշումը մտահոգություն է առաջացնում Վրաստանի եվրոպական ուղու համար»,- ասել է Ստանոն։