Վրաստանի քաղաքացիական ավիացիայի գործակալությունը երկուշաբթի հայտարարել է, որ ռուսական մի քանի ավիաընկերություններից հայտեր է ստացել երկու երկրի միջև կանոնավոր չվերթեր իրականացնելու համար, հաղորդում է Interfax-ը։
«Յուրաքանչյուր դիմումի վերաբերյալ որոշում կկայացվի ավիաընկերությունների կամ նրանց օդանավերի ներկա կարգավիճակի մանրամասն ուսումնասիրությունից հետո՝ կապված սահմանված միջազգային պատժամիջոցների հետ: Թբիլիսին հաստատակամորեն հավատարիմ է այն դիրքորոշմանը, որ Վրաստանի և Ռուսաստանի միջև թռիչքներ կիրականացնեն միայն այն ավիաընկերություններն ու ինքնաթիռները, որոնք պատժամիջոցների չեն ենթարկվում»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշված է նաև, որ Քաղաքացիական ավիացիայի գործակալությունը խորհրդակցում և ուսումնասիրում է այն երկրների օրինակները, որոնք պահպանում են պատժամիջոցները, միևնույն ժամանակ ուղիղ օդային կապ ունեն Ռուսաստանի հետ։
Ավելի ուշ պարզ է դարձել, որ Թբիլիսին թույլատրել է «Ազիմուտ» ավիաընկերությանը մայիսի 17-ից՝ շաբաթը 7 անգամ իրականացնել Մոսկվա-Թբիլիսի-մոսկվա չվերթներ: Ըստ Վրաստանի քաղավիացիայի գործակալության՝ այդ ընկերությունը ԵՄ սև ցուցակում ներառված չէ:
Մայիսի 10-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր հրամանագրով 2023 թվականի մայիսի 15-ից չեղարկել է Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմը, բացառությամբ այն անձանց, որոնք Ռուսաստան են այցելելու աշխատանքային գործունեության նպատակով։
Հրամանագիր է ընդունվել նաև դեպի Վրաստան թռիչքների սահմանափակումները վերացնելու մասին, որոնք գործում էին 2019 թվականի հուլիսից։