Մայիսի 13-ին՝ ժամը 23:30-ին, անհայտ քաղաքացուց ստացվել է ահազանգ, որ մայրաքաղաքի Ամիրյան փողոցում վիճաբանություն է, լսվում են կրակոցներ: Այդ մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:
Ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը հնարավորինս արագ մեկնել է դեպքի վայր, տեղյակ են պահվել նաև պարեկները:
Միջադեպի հնարավոր զարգացումը հաջողվում է կանխել, և խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվում ու բաժին է տեղափոխվում 18-20 տարեկան գյումրեցի չորս երիտասարդ: Ըստ նախնական տվյալների` երիտասարդների վեճը միջանձնային բնույթի էր:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են գազային ատրճանակի մեկ պարկուճ, երկու փամփուշտ և դանակ: Ձեռնարկվում են միջոցներ՝ վիճաբանության մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ:
Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին, հանգամանքները պարզվում են: