Մինչ աշխարհը կենտրոնացած է Ուկրաինայի վրա, Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչությունը ավտորիտար շրջափակման մեջ է: Այս մասին նշված է Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության կայքում հրապարակված հոդվածում: Այն աշխարհի ժողովրդավար ուժերին կոչ է անում ավելի ակտիվ ու գործուն լինել Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակիչներին Ադրբեջանի ավտորիտար ռեժիմի շրջափակումից ազատելու հարցում:
Նշվում է, որ նույնիսկ այն ժամանակ, երբ Ադրբեջանի նախագահն ու Հայաստանի վարչապետը բանակցություններ են վարում կարգավորման ավելի լայն պայմանների շուրջ, ադրբեջանական ուժերը վերջին մի քանի ամսվա ընթացքում խստացրել են Լեռնային Ղարաբաղի շրջափակումը` բնակիչներին մղելով մարդասիրական ճգնաժամի, ինչն էլ ավելի է կարևորում աշխարհի ժողովրդավարական երկրների հրատապ օգնության անհրաժեշտությունը: Հոդվածում հիշեցվում է, որ Արդարադատության միջազգային դատարանի որոշումը Ադրբեջանը մինչ օրս չի կատարում:
Հեղինակը ժողովրդավարական երկրներին կոչ է անում կարճաժամկետ հեռանկարում օգտագործել միջազգային կառույցների լծակները, ինչպիսիք են Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունը կամ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը՝ գործնականում ապահովելու Լեռնային Ղարաբաղի շրջափակման վերացումը:
ԶԵԼԵՆՍԿԻՆ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀԵՏ
Ուկրաինայի նախագահը Լոնդոնում հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետի հետ։ Վոլոդիմիր Զելենսկին իր երախտագիտությունն է հայտնել Ռիշի Սունակին՝ ռուսական ներխուժման ընթացքում Միացյալ Թագավորության աջակցության համար: Մեծ Բրիտանիայի վարչապետը շեշտել է, որ անհամբերությամբ է սպասում Զելենսկու հետ կարևոր հարցերի քննարկումներին: Սունակը նշել է, որ հերթական հանդիպման օրակարգում Ուկրաինային աջակցության հարցն է:
Երեկ Զելենսկին Փարիզում էր, որտեղ հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Մինչ այդ այցելել էր Գերմանիա՝ քննարկելով Կիևին ռազմական օգնության ավելացման հարցը։ Ուկրաինայի նախագահը նաև այցով եղել է Հռոմում և Վատիկանում՝ հանդիպելով Իտալիայի ղեկավարության և Հռոմի Ֆրանցիսկոս Պապի հետ:
ԿՐԵՄԼԸ ԲԱՑԱՍԱԿԱՆ Է ԳՆԱՀԱՏՈՒՄ ԼՈՆԴՈՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ
Կրեմլը բացասական է գնահատում Կիևին լրացուցիչ զինատեսակներ տրամադրելու Լոնդոնի որոշումը` հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Նրա խոսքով՝ Մեծ Բրիտանիան իր գործողություններով հավակնում է Ուկրաինա զենք մատակարարող երկրների առաջին շարքում հայտնվել: «Դա ոչ մի սկզբունքային ազդեցություն չի գործի ռազմական գործողությունների ընթացքի վրա, բայց, իհարկե, կհանգեցնի հարաբերությունների հետագա քայքայմանը: Ուկրաինան ավելի վատ վիճակում կհայտնվի»,- ասել է Պեսկովը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բրիտանիան մտադիր է Ուկրաինային փոխանցել զենիթահրթիռային հարյուրավոր միավորներ և ավելի քան 200 կմ հեռահարության հարվածային անօդաչուներ:
ՄԱԿՐՈՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՄԱՍԿԻ ՀԵՏ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ելիսեյան պալատում հանդիպել է միլիարդատեր ձեռներեց Իլոն Մասկի հետ: Մասկը Ֆրանսիայում է մասնակցելու Վերսալում կայանալիք «Ընտրիր Ֆրանսիան» ամենամյա գագաթնաժողովի վեցերորդ միջոցառմանը, որի նպատակն է խթանել միջազգային ներդրումները Ֆրանսիայում։ Հանդիպման ընթացքում ի թիվս այլ հարցերի քննարկվել է էլեկտրամոբիլների ոլորտում գործակցության հեռանկարները: Նախքան Մասկի հետ հանդիպումը Մակրոնը բանակցություններ է վարել նաև Pfizer ընկերության գործադիր տնօրեն Ալբերտ Բուրլայի հետ, որը նույնպես մասնակցելու է գագաթնաժողովին։
ՎՐԱՍՏԱՆԸ ՌԴ ԱՎԻԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԴԻՄՈՒՄՆԵՐ Է ՍՏԱՑԵԼ
Ռուսական ավիաընկերությունները դիմել են Վրաստանի էկոնոմիկայի նախարարության Քաղավիացիայի գործակալությանը՝ դեպի այդ երկիր թռիչքներ սկսելու թույլտվության համար։ Վրաստանի քաղավիացիայի գործակալության տարածած հայտարարության համաձայն գործակալությունը դիմումներ է ստացել մի քանի ռուսական ավիաընկերություններից` Վրաստանի և Ռուսաստանի միջև օդային հաղորդակցություն սկսելու խնդրանքով: Թռիչքների մեկնարկի յուրաքանչյուր դիմումի վերաբերյալ որոշում կկայացվի այս կամ այն ավիաընկերության գործունեության, միջազգային պատժամիջոցների հետ կապված նրանց կարգավիճակի մանրամասն ուսումնասիրությունից հետո։ Քաղավիացիայի գործակալությունը մանրամասնորեն կուսումնասիրի նաև ավիաընկերությունների օդային նավատորմը։ Քաղավիացիայի գործակալությունը խորհրդակցություններ է անցկացնում այն երկրների հետ, որոնք պահպանում են միջազգային պատժամիջոցները, բայց միևնույն ժամանակ ուղիղ ավիահաղորդակցություն են պահպանում Ռուսաստանի հետ։