Երևանի գործող երթուղային ցանցը թվայնացվել է, և «ԳԱԶել»-ով սպասարկվող երթուղիների ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել են կրկնվող գծերի համադրումներ, ինչի արդյունքում ամբողջ շարժակազմը մոդելավորվել է: Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստին հայտնեց տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատար Վազգեն Հարությունյանը։
«Գործող երթուղային ցանցում 363 շարժակազմով «ԳԱԶել»-ները կփոխարինվեն 143 ավտոբուսներով, սա իր հերթին կբերի երթևեկության թեթևացում, ինչպես նաև շարժակազմի կրճատման արդյունքում կրճատվելու է օրական տվյալ տրանսպորտային միջոցների վազքը, որը ինքնին տնտեսական էֆեկտ է ունենալու շահագործման և սպասարկման ծախսերի վրա»,- ասաց նա:
Առաջին փոփոխությունները Երևանում կսկսեն երևալ հունիսի 1-ից, մասնավորապես, N3 և N12 միկրոավտոբուսային գազելային երթուղիները կփոխարինվեն 1 ավտոբուսային երթուղիով։ Իսկ N13 երթուղին նույնպես կփոխարինվի «Ժոնգ թոնգ» մակնիշի ավտոբուսներով: Փոփոխությունները տեսանելի կլինեն ամեն 15 օրը մեկ: Մեկնարկը տրվել է հունիսի 1-ին, ավարտը՝ օգոստոսի 15-ին:
«Հունիսի 1-ի դրությամբ լինելու են նաև այլ փոփոխություններ: Մասնավորապես N5 ավտոբուսային երթուղին կփոխարինվի MAN տիպի ավտոբուսներով: Եվ միաժամանակ կներդրվի նոր երթուղի դեպի «Զվարթնոց» օդանավակայան MAN ավտոբուսներով, որոնց ուղեգիծը լինելու է «Զվարթնոց» օդանավակայան–Իսակովի պողոտա–Հաղթանակի կամուրջ–Մաշտոցի պողոտա–Ֆրանսիայի հրապարակ շրջանաձև երթևեկությամբ, որը 45 րոպե պարբերականությամբ կանոնավոր ուղևորափոխադրում կիրականացնի դեպի «Զվարթնոց» օդանավակայան»,- ասաց Վազգեն Հարությունյանը։
Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը նկատեց՝ նշված փոփոխությունների արդյունքում մինչև սեպտեմբերի 1-ը Երևանում հին «ԳԱԶել»-ներով սպասարկվող գծերը փոխարինված կլինեն նոր ներկրված ավտոբուսներով: Ընթացքի մեջ է նաև առցանց չվացուցակի ստեղծումը: