Հաշվեքննիչ պալատը 2022 թվականին հավատարիմ է մնացել իր առաքելությանը և գործել է՝ նպատակ ունենալով նպաստել հանրային ունեցվածքի կառավարումը բարելավելուն: Այդ մասին ասել է Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի մայիսի 15-ի հերթական նիստին ներկայացնելով ՀՀ հաշվեքննիչ պալատի 2022 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը, հայտնում են ԱԺ-ից:
Նշվել է, որ Հաշվեքննիչ պալատը 2022 թվականի պետական բյուջեի կատարման վերաբերյալ ամենամյա եզրակացությունը կազմելու նպատակով իրականացրել է 40 հաշվեքննություն՝ 10 բյուջետային հատկացումների ստորադաս կարգադրիչի կողմից իրականացվող բյուջետային ծրագրերի նկատմամբ:
2022 թվականին Հաշվեքննիչ պալատը հաշվեքննել է 2021 թվականի պետական բյուջեի կատարում՝ երեք, վեց, ինն ամիսների և տարեկան կատարման ֆինանսական և համապատասխանության հաշվեքննությունների իրականացման միջոցով: Տրվել է հաշվեքննության կարծիք:
Ըստ Ատոմ Ջանջուղազյանի՝ Հաշվեքննիչ պալատը 2022 թվականի ընթացքում իրականացրել է 54 հաշվեքննություն, որից 40-ը՝ ՀՊ-ի 2022 թվականի գործունեության ծրագրի առաջին մասի, 11-ը` ծրագրի երկրորդ մասի, իսկ երեքը՝ ծրագրի երրորդ մասի շրջանակում:
Իրականացված 11 հաշվեքննությունների արդյունքներով ընթացիկ եզրակացությունները ներկայացվել են Ազգային ժողով, Կառավարություն և հաշվեքննության օբյեկտներին:
Հաշվեքննիչ պալատի նախագահի հավաստմամբ պալատը 2022 թվականին շարունակել է համագործակցությունն Ազգային ժողովի հետ: Հաշվեքննությունների արդյունքները քննարկման առարկա են դարձել Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի և կոնկրետ հաշվեքննության թեմայի գլխադասային հանձնաժողովների համատեղ նիստերում:
Ատոմ Ջանջուղազյանը նշել է, որ հաշվետու տարում ՀՀ գլխավոր դատախազություն ուղարկված նյութերի և Հաշվեքննիչ պալատի հաշվեքննությունների արդյունքների շրջանակներում 6 առանձին ուղղություններով նախաձեռնվել է քրեական վարույթ և կատարվում է նախաքննություն:
Նախորդ տարիների հաշվեքննությունների արդյունքներով հաշվետու տարում քրեական վարույթներով պետությանը պատճառված վնասի չափը կազմում է 834.941 հազար դրամ, կատարվում է նախաքննություն:
Նշվել է նաև, որ հաշվետու տարում բացահայտված անհամապատասխանությունների, խեղաթյուրումների և ռիսկեր պարունակող դեպքերի վերացման և կանխարգելման, ինչպես նաև գործընթացների արդյունավետության բարձրացման համար ՀՀ կառավարություն, ստուգման օբյեկտներ և շահագրգիռ այլ մարմիններ են ներկայացվել 66 առաջարկություններ, որոնք, ըստ Ատոմ Ջանջուղազյանի, միտված են կոնկրետ խնդիրների:
Հաշվեքննիչ պալատի նախագահը, պատասխանելով ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանի՝ հաշվեքննությունների արդյունքում հայտնաբերված անհամապատասխանությունների, խեղաթյուրումների, այսպես ասած՝ ճակատագրի վերաբերյալ հարցին, նշել է, որ Հաշվեքննիչ պալատի կողմից հետհսկողություն իրականացնելու վերաբերյալ առաջիկայում նախատեսվում են օրենսդրական փոփոխություններ:
Շնորհակալություն հայտնելով՝ Գևորգ Պապոյանը բարձր է գնահատել Հաշվեքննիչ պալատի կատարած լայնածավալ աշխատանքը: Նա կարևորել է Ազգային ժողովի հետ Հաշվեքննիչ պալատի շարունակական համագործակցությունը: