Հայաստանում մեթամֆետամին կամ առավել հայտնի կրիստալ թմրատեսակի հայտնաբերումը ավելացել է՝ արձանագրում են ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունից: Թմրատեսակը Հայաստան է հասնում ցամաքային, օդային և փոստային ճանապարհով: Ըստ տվյալի՝ 2021-ին հայտնաբերվել է թմրատեսակի անցկացման 9 դեպք՝ ընդհանուր 1380 գրամ, մինչդեռ նախորդ տարի 7300 գրամ է առգրավվել. 15 դեպք է արձանագրվել:
Մհեր Խաչատրյան (ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժնի պետ) - Թմրամիջոցների տեղափոխումը մի քանի դեպքով եղել է ԱՄՆ-ից, մեկ դեպքով՝ Ուկրաինայից, մի դեպքով էլ՝ Հայաստանից Ավստրալիա տեղափոխում, իսկ մի մասն էլ եղել է Իրանից Հայաստան տեղափոխման դեպքեր:
Հայաստանում վերջին տարիներին ավելացել է նաև մեթամֆետամինի օգտագործումը, ինչի մասին փաստում են բուժկենտրոնների և հոգեբուժարանների աշխատակիցները: Աղի նմանությամբ բյուրեղանման զանգվածը հիմնականում տարածված է երիտասարդների և դեռահասների շրջանում: Բժիշկների խոսքով՝ թմրամիջոցը առավել վտանգավոր է հատկապես այն պատճառով, որ կախվածություն և ֆիզիկական ու ծանր հոգեկան խնդիրներ կարող են առաջանալ նույնիսկ մեկանգամյա օգտագործումից: Մասնագետը բացասական հետևանքներից ընդամենը մի քանիսն է թվարկում.
Գայանե Վարդազարյան (ՀՀ ԱՆ կախվածությունների բուժման ազգային կենտրոնի բուժական գծով փոխտնօրեն) - Գերակտիվություն, ընդ որում՝ անարդյունավետ ակտիվություն: Օրգանիզմի բոլոր ֆունկցիաների ակտիվություն, այսինքն՝ սրտի աշխատանքի, ճնշման, զարկերակային ճնշման, ջերմաստիճանի բարձրացում: Այդ առումով դրանք նաև շատ վտանգավոր են մարմնական բարդությունների տեսանկյունից և հաճախ առաջացնում են հանկարծամահություն:
Հոգեբույժի խոսքով՝ թմրատեսակի օգտագործումը կարող է հանգեցնել ինքնասպանության մասին մտքերի, նաև՝ գրգռված վիճակում տվյալ անձը կարող է հասարակության համար վտանգավոր դառնալ: Եթե տասը տարի առաջ հոգեբուժարաններում գերակշռում էին էնդոգեն հոգեկան խանգարում ունեցող պացիենտները, հիմա մեծ մասը թմրանյութերի հետևանքով հոգեկան և վարքային խանգարում ունեցող հիվանդներն են:
Գևորգ Փաշիկյան (ՀՀ ԱՆ հոգեբուժության և բժշկական հոգեբանության գծով խորհրդատու) - Անձը կարող է ունենալ լսողական կամ տեսողական ցնորքներ, դա նման է զառանցանքի, երբ անձին թվում է, թե իրեն հետևում են, իրեն ցանկանում են վնաս տալ, ու դրա հետևանքով տվյալ մարդը սկսում է ինքը հետապնդել ինչ-որ անձի, դրա պատճառով կարող է վնասել ինչ-որ մեկին:
Մասնագետները նշում են՝ բուժման կենտրոններ և հոգեբուժարաններ դիմողները տարեցտարի ավելանում են, և չնայած բոլորը օգնության հնարավորություն ունեն, ոչ բոլորն են մինչև վերջ բուժվում:
Հեղինակ՝ Լուսինե Գրիգորյան