Վերջին տարիներին աշխարհում և, մասնավորապես, Հարավային Կովկասում անվտանգության ճարտարապետությունը արմատապես փոխվել է. Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այս մասին հայտարարել է «Նովայա գազետա Եվրոպա» պարբերականին տված իր հարցազրույցում, շեշտել՝ այն մեխանիզմները, որոնք պետք է ապահովեին Հայաստանի անվտանգությունը, փլուզվել են, նորերը չեն ստեղծվել:
«Հենց դա է ճգնաժամը»,- կարծում է Գրիգորյանը:
«Ի՞նչ անել» հարցադրմանը անվտանգության խորհրդի քարտուղարը պատասխանել է.
«Փնտրել նոր մեխանիզմներ և սպառազինության մատակարարումներ, որովհետև օբյեկտիվորեն մենք չենք ստանում այն, ինչ պատվիրել և ինչի համար վճարել ենք Ռուսաստանին»:
Արմեն Գրիգորյանը հիշեցրել է, որ ՀԱՊԿ-ից Երևանն ակնկալում էր, որ այն կաշխատի անցյալ տարվա սեպտեմբերին Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի ժամանակ։ Սակայն, այն չաշխատեց: Նա չի հերքել նաև, որ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին քննարկումներ են եղել՝ դա որակելով բնական արձագանք:
Հարցազրույցի ընթացքում լրագրողը նկատել է, որ Ռուսաստանը շատ կոշտ է արձագանքում Արևմուտքի հետ Հայաստանի շփումներին, իսկ արևմտյան գործընկերների մասնակցությամբ ցանկացած բանակցություն ավարտվում է սահմանին կրակոցներով և սադրանքներով։
Արմեն Գրիգորյան - 2018-ին, երբ Հայաստանում հեղափոխություն տեղի ունեցավ, մենք ասացինք, որ դա ներքին ժողովրդավարական գործընթաց է, արտաքին քաղաքականության վրա այն չի ազդի։ Եվ շարունակեցինք աշխատել Ռուսաստանի հետ, բայց դա էլ մեզ անվտանգություն չերաշխավորեց. մենք ստացանք 2020 թվականի պատերազմը։ Մեկ այլ օրինակ: 2013 թվականին նախագահ Սերժ Սարգսյանը Մաքսային միությանը միանալու որոշում կայացրեց, որը հետագայում կոչվեց ԵԱՏՄ: Նրան հասկացրին, որ եթե նա դա չանի, Լեռնային Ղարաբաղում խնդիրներ կլինեն։ Սարգսյանի համար այդ միությանը միանալու գլխավոր փաստարկը Ղարաբաղի անվտանգությունն էր։ Դրանից հետո մենք ստացանք երկու պատերազմ՝ 2016-ի ապրիլին և 2020-ի սեպտեմբերին:
Գրիգորյանը նշել է, որ առայժմ Հայաստանի ինքնիշխանությունը պահպանելու և ներքին գործերին միջամտությունը կանխելու միայն մեկ ճանապարհ կա. դրանք ժողովրդավարական ինստիտուտներն են, որոնք հաջողվել է կառուցել։
Արմեն Գրիգորյան - Ինքնիշխանությունը երկար ճանապարհ է։ Դու չես կարող մի հրաշալի օր արթնանալ և դառնալ լիովին անկախ։ Պետք է նախ մի քայլ անել, հետո՝ երկրորդը, հետո՝ երրորդը: Անգամ շտապելու դեպքում անհնար է փոխել գործողությունների հաջորդականությունը: Մենք ազնվորեն ընդունում ենք, որ դեռ լուծում չունենք, բայց փնտրում ենք այն։ Մենք ունենք հնարավորություն: Եվ ոչ մի երաշխիք չկա:
Հարցազրույցի ընթացքում անդրադարձ է եղել նաև Լաչինի միջանցքի արգելափակման թեմային: Անվտանգության խորհրդի քարտուղար հիշեցրել է, որ Հայաստանը դեկտեմբերից ի վեր միջազգային բոլոր հարթակներում ահազանգում է, որ Ադրբեջանը Ղարաբաղում էթնիկ զտումների ծրագրեր ունի։
Արմեն Գրիգորյան - Եկեք, տեսնենք, թե ով ունի դրանք կանխելու հնարավորություն: Նախ՝ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերը, որոնք գտնվում են Լեռնային Ղարաբաղում։ Ավելին՝ 2020 թվականի հայտարարությամբ՝ նրանք պարտավոր են դա անել։ Իրավիճակի ողբերգությունն այն է, որ ռուս խաղաղապահները Ղարաբաղում են, իսկ մարդիկ խոսում են էթնիկ զտումների սպառնալիքի մասին։ Նրանք հույս չունեն, որ իրենց կփրկեն։ Երկրորդ տարբերակը միջազգային հանրությունն է։ Հայաստանը վաղուց է լոբբինգ անում Լեռնային Ղարաբաղ միջազգային դիտորդական առաքելություն ուղարկելու գաղափարը:
Լրագրողի հարցին՝ արդյո՞ք Լեռնային Ղարաբաղը ռուսամետ կողմնորոշում ունեցող տարածաշրջան է, Արմեն Գրիգորյանը նշել է.
«Եղել է մինչ վերջերս։ Այժմ տրամադրությունները փոխվել են հանգամանքների ազդեցության տակ։ Ռուսաստանն ինքն է իր նկատմամբ վերաբերմունք ձևավորում»:
Հարցազրույցի ավարտին, անդրադառնալով Բաքվի կողմից առաջ քաշվող այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցին, Արմեն Գրիգորյանը ևս մեկ անգամ կրկնել է.
«Հայաստանը երբեք չի համաձայնի իր տարածքով արտատարածքային միջանցքի։ Մեզ համար դա կարմիր գիծ է»: