Թուրքիայում երեկ կայացած նախագահի ընտրության արդյունքում գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը թեև ստացել է ամենաշատ թվով ձայները, սակայն նրան չի հաջողվել հաղթահարել ձայների 50 տոկոսի շեմը: Սա ենթադրում է, որ Թուրքիայում կանցկացվի նախագահի ընտրությունների երկրորդ փուլ, որը տեղի կունենա մայիսի 28-ին: Թուրքիայի բարձրագույն ընտրական խորհուրդը այդ մասին պաշտոնապես կհայտարարի ընտրությունների վերջնական արդյունքի հրապարակումից հետո:
Ընտրության երկրորդ փուլին կմասնակցեն առավել շատ ձայներ ստացած երկու թեկնածուները՝ Ռեջեփ Էրդողան և ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն: Նրանցից արդեն կհաղթի ձայների պարզ մեծամասնություն ապահոված թեկնածուն:
Այս տարվա Թուրքիայի նախագահի և խորհրդարանի ընտրությունները քաղաքական դաշտում պատմական են որակում, քանի որ Էրդողանի կառավարման 20 տարվա ընթացքում առաջին անգամ ընդդիմադիր թեկնածուն հաջողության հասնելու իրական հնարավորություն ունի։
Բոլոր քվեաթերթիկների հաշվարկից հետո, նախնական տվյալով, Ռեջեփ Թայիփ Էրդողանը հավաքել է ձայների 49,42%-ը։ Ընդդիմադիր Քեմալ Քըլըչդարօղլուն ստացել է քվեարկությանը մասնակցած քաղաքացիների 45%-ի աջակցությունը, ազգայնական «Աթա» կուսակցության թեկնածու Սինան Օղանը՝ 5,22%-ը, իսկ օրեր առաջ իր թեկնածությունը հանելու մասին հայտարարած Մուհարեմ Ինջեն՝ 0,43%-ը։ Թուրքիայի բարձրագույն ընտրական խորհուրդը վավեր է համարել նրա օգտին տրված ձայները։
Ընտրատեղամասերի փակվելուց հետո Թուրքիայի նախագահը հանդիպել է իր կողմնակիցներին: Իր ելույթում Էրդողանը նշել է, որ ընտրություններին մասնակցության ռեկորդային ցուցանիշ է գրանցվել, և շնորհակալություն է հայտնել 27 միլիոն քաղաքացիներին՝ իր օգտին քվեարկելու, իսկ 56 միլիոն քաղաքացիներին՝ քվեարկությանը մասնակցելու համար:
Ռեջեփ Թայիփ Էրդողան (Թուրքիայի նախագահ) - Ընտրություններում մենք արդեն 2,6 միլիոն ձայնով գերազանցել ենք մեր մրցակցին: Կարծում եմ, որ վերջնական արդյունքներով այս ցուցանիշը շատ ավելի կբարձրանա: Թուրքիայի Ազգային ժողովի պատգամավորների ընտրության արդյունքով էլ մեր դաշինքը ձայների մեծամասնությունն է ստացել։ Թուրքիան ևս մեկ անգամ ապացուցեց, որ աշխարհի առաջատար ժողովրդավարական երկրներից է` ազգային կամքի գերակայությանն իր հավատարմությամբ:
Քեմալ Քլըչդարօղլուն ևս հանդիպել է իր կողմնակիցներին:
Քեմալ Քլըչդարօղլու (նախագահի թեկնածու) - Էրդողանը, չնայած իր բոլոր սրբապղծություններին, չի հասել ցանկալի արդյունքների: Պատշգամբներում ընտրություններ չեն հաղթում: Մեր ազգը որոշել է, որ ընտրությունների երկրորդ փուլ լինելու է: Մենք անկասկած հաղթելու ենք: Դա բոլորը կտեսնեն:
Թուրքիայում անցկացված 28-րդ գումարման խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները նույնպես արդեն հայտնի են: Ռեջեփ Թայիփ Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցության գլխավորած «Ժողովուրդ» դաշինքը քվեաթերթիկների 99,55%-ը հաշվարկի արդյունքներով ստացել է ձայների 49,3%-ը: Ըստ նախնական հաշվարկի՝«Ազգ» դաշինքը խորհրդարանում 600 տեղից կստանա մոտ 322 մանդատ: Քեմալ Քըլըչդարօղլուի ղեկավարած Ժողովրդահանրապետական կուսակցության ընդդիմադիր «Ժողովրդական» դաշինքը ստացել է ձայների 35,19%-ը կամ մոտ 212 մանդատ: Աշխատանքի և ազատության դաշինքը, որի կազմում ընդգրկված է Կանաչների ձախ կուսակցությունը, կարող է ստանալ 66 մանդատ։ ԱԹԱ դաշինքը խորհրդարանում մանդատ չի ստանա:
Ընտրություններց հետո Բարձրագույն ընտրական խորհուրդը հայտարարություն է տարածել՝ ընդգծելով, որ քվեարկության ընթացքում երկրի ամբողջ տարածքում բացասական միջադեպեր չեն եղել: Ընտրությունների մոնիթորինգի անկախ հարթակը և Մարդու իրավունքների ասոցիացիան, սակայն, հայտարարել են դիտորդների վրա հարձակումների, բաց քվեարկության, քվեաթերթիկների լցոնումների մասին:
Ընտրատեղամասերում ընտրողներին ահաբեկելու և խախտումների մասին տեղեկություններ են հայտնվել նաև լրատվամիջոցներում: Այս օրերին Թուրքիայում արգելափակվել են ընդդիմադիր կայքեր, լրատվական հարթակներ:
Չնայած նրան, որ Թուրքիայում նախագահի ընտրությունները չավարտվեցին գործող նախագահի բացարձակ հաղթանակով, Էրդողանն առաջին շնորհավորանքն է ստացել: Իլհամ Ալիևը այսօր առավոտյան զանգահարել է Թուրքիայի նախագահին և շնորհավորել նախագահի և խորհրդարանի ընտրություններում ձայների մեծամասնություն ստանալու կապակցությամբ։ Ալիևը նշել է, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ղեկավարությամբ Թուրքիան զարգացման մեծ ճանապարհ է անցել, և որպես դրա դրսևորում ժողովուրդը այս ընտրություններում ևս վստահություն է դրսևորել իր առաջնորդի նկատմամբ: Հեռախոսազրույցի ընթացքում պետությունների ղեկավարները ևս մեկ անգամ շեշտել են՝ երկու երկրների միջև բարեկամական և եղբայրական հարաբերությունները մշտական են և անխախտ։