ԼՂ ՀԱՅԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԵՐԱՇԽԱՎՈՐՎԵՆ. ՎԻԿՏՈՐԻՆ
Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգությունը պետք է երաշխավորվեն, և այս հարցը Ստեփանակերտի ու Բաքվի ուղիղ քննարկման առարկա է: Անդրադառնալով մայիսի 14-ին Բրյուսելում Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի նախագահի և Եվրոպական խորհրդի նախագահի եռակողմ հանդիպման արդյունքներին՝ նշեց Հայաստանում Եվրամիության դեսպան Անդրեա Վիկտորինը:
Անդրեա Վիկտորին (Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար) - Կա ընկալում, որ միջազգային մեխանիզմ է պետք, բայց պետք է աշխատենք այն ձևավորելու ուղղությամբ և բոլոր կողմերի հետ համաձայնեցնենք:
ԱԳ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԸ՝ ԲՐՅՈՒՍԵԼՅԱՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Բրյուսելում երեկ կայացած եռակողմ բանակցությունները Հայաստանի արտգործնախարարի տեղակալն առավել առարկայական որակեց: Հովհաննիսյանն ընդգծեց՝ Ադրբեջանի առաջ քաշած այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցը բանակցության ընթացքում չի եղել:
Պարույր Հովհաննիսյան (ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ) - Մեր գործընկերները չեն օգտագործում այդ եզրույթն այլևս, և դա արդեն ակնհայտ էր, թե ինչ դիրքորոշում ունեն միջնորդները:
ԵՄ-Ն ԿԱՋԱԿՑԻ ԽԱՂԱՂ ԼՈՒԾՈՒՄ ԳՏՆԵԼՈՒ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ. ՎԻԿՏՈՐԻՆ
Անդրեա Վիկտորինը վերահաստատեց՝ Եվրոպական միությունը հանձնառու և պատրաստ է աջակցելու Հայաստանին և Ադրբեջանին՝ խաղաղ և հարատև լուծում գտնելու ճանապարհին, կարևորեց Հայաստանի ինքնիշխան տարածքից Ադրբեջանի զորքերի դուրսբերումը, սակայն նաև հավելեց.
Անդրեա Վիկտորին - Հուսով ենք, որ երկու կողմերն էլ իրենց զորքերը կհանեն, և բոլորը կանցնեն սահմանազատման և սահմանագծման աշխատանքներին: Շատ հստակ նշվել է, որ մեկ-երկու կետ կա, որտեղ հայկական զորքերն են, օրինակ՝ սահմանային տարածքներում, և շատ հստակ սահմանազատում և սահմանագծում պետք է լինեն: Դա է եղել Բրյուսելում օգտագործված ձևակերպումը:
Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը նշեց՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի բանակցություններում ադրբեջանական ուժերի դուրսբերումը, սահմանազատումն ու սահմանագծումը բաղկացուցիչ մաս են: Անդրադառնալով դեսպանի խոսքին՝ հայտնեց՝ իր համար պարզ չէ, թե ի՛նչ նկատի ուներ Անդրեա Վիկտորինը:
Պարույր Հովհաննիսյան - Հավանաբար խոսքը վերաբերում է դեռ առաջին պատերազմին Լեռնային Ղարաբաղում, թերևս այդ տեսանկյունից պետք է նայել: Բայց ես էլ եմ դժվարանում ասել, թե ինչի՛ մասին է խոսքը, ըստ երևույթին սա նաև ընդունված ձևաչափ է՝ միշտ դիմել երկու կողմերին և այլն, բայց այստեղ ակնհայտ է բոլորի համար, որ այս շրջանում խոսքը գնում է Հայաստանի տարածքից զորքերի դուրսբերմանը: Դրան անդրադարձել են թե՛ Եվրամիությունը, թե՛ Միացյալ Նահանգները, այլ գործընկերներ:
Հայաստանի սահմանին Եվրոպական միության քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայումը նպաստել է իրավիճակի կայունացմանը՝ նշեց Պարույր Հովհաննիսյանը, Անդրեա Վիկտորինն էլ հավելեց՝ առաքելությունը դեռ ընդլայնման միտում ունի ու ամբողջ թափով չի գործում: Խոսելով վերջին օրերի սահմանային միջադեպերի մասին՝
ԴԻՏՈՐԴՆԵՐԸ ՆԵՐԿԱ ՉԵՆ ԵՂԵԼ ՎԵՐՋԻՆ ԲԱԽՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ. ՎԻԿՏՈՐԻՆ
Անդրեա Վիկտորինը նշեց՝ դիտորդները ներկա չեն եղել վերջին բախումների ժամանակ, երբ ներխուժումը տեղի ունեցավ։
Անդրեա Վիկտորին - Զեկույցները չեն տրամադրվում Հայաստանին և Ադրբեջանին: Սակայն քանի որ առաքելությանն ուղղորդում են Հայաստանի պաշտպանության նախարարության սպաներ, հայկական կողմը լավատեղյակ է, թե ինչ են դիտորդները տեսնում։ Նրանք կարող են միայն դիտորդություն իրականացնել և այնուհետև զեկուցել Բրյուսել: Սակայն նրանք չեն կարող զեկուցել այն, ինչ չեն տեսել։ Սահմանը բավականին երկար է, և գոյություն ունի պարեկության գրաֆիկ։ Միաժամանակ, նպատակն այն չէ, որ նրանք պետք է ներկա լինեն, երբ տեղի են ունենում պատահարներ։ Նրանք դիտորդություն են իրականացնում սահմանի երկայնքով և տեսնում են այն, ինչ տեղի է ունենում սահմանի շուրջ:
ՎԻԶԱՅԻ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ԲԱՑՄԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ ԵՆՔ. ՎԻԿՏՈՐԻՆ
Եվրոպայի օրվան նվիրված ասուլիսի ընթացքում Անդրեա Վիկտորինն անդրադարձավ նաև Հայաստան-Եվրամիություն վիզային ռեժիմի ազատականացման գործընթացին, նշեց՝ շենգենյան գոտու որոշ երկրներ մտահոգություններ ունեն ռեադմիսիոն և միգրացիոն հարցերի շուրջ:
Անդրեա Վիկտորին - Վիզայի երկխոսության բացմանը պատրաստ ենք, այս հարցը պետք է քննարկվի անդամ երկրների հետ, քանի որ մենք երկխոսությունը կարող ենք սկսել միայն, երբ թույլտվություն ստանանք 27 անդամ երկրից:
Ամփոփելով վերջին տարիների Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները՝ դեսպան Վիկտորինն ու փոխնախարար Պարույր Հովհաննիսյանն ընդգծեցին՝ գործակցությունն ու շփումները զգալիորեն ընդլայնվել են բազմաթիվ ուղղություններով:
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան