ԱՄՆ
ԱՐՔԱՅԱԴՈՒՍՏՐ ԴԻԱՆԱՅԻ ԶԱՐԴԸ ՀԱՅՏՆՎԵԼ Է ԱՃՈՒՐԴՈՒՄ
Հունիսի 27-ին Նյու Յորքում աճուրդի կհանվի արքայադուստր Դիանայի Swan Lake Suite կոչվող զարդը: Լեդի Դին այն կրել է 1997 թվականի հունիսին Լոնդոնի Թագավորական Ալբերտ Հոլում, հանրության առաջ վերջին անգամ երևալիս:
Առլան Էթինգեր (Գերնսի աճուրդի տան նախագահ) - Այդ վզնոցը հենց նրա համար են պատրաստել ու տվել են այդ առիթի ժամանակ կրելու նպատակով: Հատուկ երեկոյից հետո զարդը վերադարձվել է, քանի որ ոսկերիչ Գարարդը և Անգլիայի թագավորական թագի ոսկերիչը դեռ չէին ավարտել ականջօղերի պատրաստումը: Դա մի շքեղ միջոցառում էր: Նրան տասնյակ հազարավոր անգամ լուսանկարել են այնտեղ: Նա չէր կարող ավելի գեղեցիկ տեսք ունենալ:
Հունիսին կայանալիք մեծ վաճառքը կազմակերպել է Գերնսի աճուրդի տունը, միջոցառումը կանցկացվի The Pierre հյուրանոցում: Ամենայն հավանականությամբ, սա կլինի Լեդի Դիի միակ վաճառվող զարդը:
Մարգարիտներով ու ադամանդներով զարդարված վզնոցի ու ականջօղերի պատրաստման համար օգտագործել են 178 հատ ադամանդ՝ 52 կարատ ընդհանուր քաշով: Նախատեսում են այս անգին զարդն աճուրդում վաճառել 5-15 միլիոն դոլարով:
ՇՎԵՅՑԱՐԻԱ
ԱՎՍՏՐԻԱՑԻ ՄԻԼԻԱՐԴԱՏԻՐՈՋ ԶԱՐԴԵՐՆ ԱՃՈՒՐԴՈՒՄ ԿԱՐՈՂ ԵՆ ՎԱՃԱՌՎԵԼ 150 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐՈՎ
Ավստրիացի հանգուցյալ միլիարդատեր Հայդի Հորտենի՝ 700 կտորից բաղկացած զարդերի հավաքածուն, որն աճուրդի հանված՝ իր տեսակի մեջ աշխարհի ամենամեծ և ամենաթանկ հավաքածուն է, կարող է վաճառվել ավելի քան 150 միլիոն դոլարով: Այս մասին հայտնել են Ժնևի «Քրիստի» աճուրդի տնից:
Առավել տպավորիչ նմուշներից են Հարի Ուինսթոնի «Բրիոլետ Հնդկաստանի» 90 կարատանոց ադամանդե վզնոցը և Cartier-ի Sunrise Ruby կոչվող սուտակե և ադամանդե մատանին՝ մինչև 20 միլիոն դոլար արժողությամբ:
Ռահուլ Կադակիա («Քրիստի» աճուրդի տան աշխատակից) - Մենք նաև ունենք լավագույն բնական մարգարտյա վզնոցներից մեկը՝ արևելյան մարգարիտները, երեք շարքից բաղկացած, 11 կարատանոց վարդագույն ադամանդե ճարմանդով, որը բավականին հազվադեպ է և գնահատվում է 7-10 միլիոն դոլար:
Այս հավաքածուն Հայդի Հորտենը սկսել է ձեռք բերել 1970-ական թվականներից և շարունակել համալրել այն մինչև կյանքի վերջը:
Հորտենի հավաքածուն կարող է գերազանցել 2011 թվականին Էլիզաբեթ Թեյլորի հավաքածուի «Քրիստի»-ի վաճառքի ռեկորդը՝ 100 միլիոն դոլարը:
«Քրիստի»-ից հայտնել են, որ աճուրդից ստացված հասույթը կուղղվի Հայդի Հորտենի բարեգործական հիմնադրամին, որը զբաղվում է հիմնականում առողջապահությանը վերաբերող հարցերով:
ՀՈՐԴԱՆԱՆ
ՀՈՐԴԱՆԱՆՑԻ ՁԵՌՆԵՐԵՑԸ ՀԻՆ ԶԱՐԴԵՐ Է ՀԱՆՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՇՈՒԿԱ
Հորդանանցի վաճառական Աբդուլահ Սաքիջհան սերում է ոսկերիչների գերդաստանից: Սերունդներ շարունակ նրա ընտանիքը զարդեր է պատրաստել ու դրանք վաճառել Հորդանանի տարբեր բանակավայրերում գտնվող իրենց խանութներում:
Սաքիջհան վստահեցնում է, սակայն, որ ստիպված է եղել բավականին շատ աշխատել՝ այս ասպարեզում միջազգային շուկա դուրս գալու համար: Իրեն հաջողվել է ԱՄՆ-ում գրանցել իր աշխատանքների դիզայնի արտոնագրերը, և այժմ կարողանում է իր և թիմակիցների աշխատանքները վաճառել Քաթարում, Քուվեյթում և ԱՄՆ-ում:
Աբդուլահ Սաքիջհա (ոսկերիչ-ձեռներեց) - Ամեն տարի մենք ներկայացնում ենք առնվազն 10 մոդել։ Ամեն ամիս փորձում ենք նոր մոդելով հանդես գալ։ Շարունակում ենք զարգացնել մեր արտադրանքը և նոր բաներ ներկայացնել մեր հաճախորդներին: Նրանք սիրում են նոր բաներ ու միշտ ցանկանում են տեսնել նոր հավաքածուներ և արտասովոր բաներ, որոնք նախկինում չեն արվել:
Վերջին աշխատանքները ստեղծելիս ոգեշնչվել են աղվեսից ու պատրաստել են դրա տեսքով շլացուցիչ կախազարդեր: Նրա ընտանիքն արդեն 4 սերունդ է, ինչ ոսկերչությամբ է զբաղվում: Իրենց նախապապն այս գործն, իրականում, հիմնել է Պաղեստինում, հետո են տեղափոխվել Հորդանան, որտեղ այժմ ամենամեծ թվով ոսկերչական խանութներն ունեն:
ԵԳԻՊՏՈՍ
ԱՎԱԶԵ ՔԱՆԴԱԿՆԵՐԸ՝ ՈՐՊԵՍ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆԸ ԶԱՐԿ ՏԱԼՈՒ ՄԻՋՈՑ
Ծովային արարածներից մինչև մումիաներ և միջնաբերդեր, տարբեր ձևերի ավազե քանդակները մարդկանց կանչում են դեպի Եգիպտոսի ափամերձ Ալեքսանդրիա քաղաքի հանրային լողափ: Այնտեղ նկարիչները և ուսանողները մրցում են Ավազե քանդակների փառատոնի շրջանակում:
13 արվեստագետներ և կերպարվեստի ուսանողներ օգտագործել են Ալ Սարայա հանրային լողափը որպես իրենց կտավ՝ ստեղծելով մեծ ավազե քանդակներ՝ զբոսաշրջությունը խթանելու և ամառային սեզոնի սկիզբը նշելու համար։
Օգտագործելով միայն ավազ և ջուր՝ եղանակային անկանխատեսելի պայմանների պատճառով քանդակագործները բազմաթիվ դժվարությունների են հանդիպում իրենց ստեղծագործությունները կյանքի կոչելու համար։
Իհաբ ալ Շեյխ (Ալեքսանդրիայի համալսարանի կերպարվեստի պրոֆեսոր) - Փառատոնին մասնակցող արվեստագետների, երիտասարդների և ուսանողների մեծ մասը ոգեշնչվել է ծովային արարածներից, ինչպիսիք են դելֆինները, կետերը, խխունջները կամ ութոտնուկները: Շրջակա միջավայրն ազդել է նրանց վրա, ուստի կերպարվեստի համալսարաններում ձեռք բերած իրենց գիտելիքները փորձել են համադրել այն ամենի հետ, ինչ տեսել են:
Ալեքսանդրիայի ավազե քանդակների փառատոնը կտևի չորս օր՝ Ալեքսանդրիայի, Մատրուհի և Դամիետայի համալսարանների ուսանողների և դասախոսների մասնակցությամբ, որից հետո կհայտարարվեն երեք հաղթողները:
ՀՈՐԴԱՆԱՆ
ՀՈՐԴԱՆԱՆՑԻՆ ԹԱՓՈՆՆԵՐԸ ՎԵՐԱԾՈՒՄ Է ԱՐՎԵՍՏԻ ԳՈՐԾԵՐԻ
Վերջին երկու տարվա ընթացքում հորդանանցի Ահմադ Ալ Զավահրան հավաքում է դեն նետված իրեր, ինչպիսիք են օդորակիչները և հեռուստացույցները: Նա դրանք օգտագործելով՝ ստեղծում է գեղարվեստական ինստալացիաներ, որոնք ցուցադրում է դրսում:
36-ամյա տղամարդն ասում է, որ իր նախագիծը սկսել է որպես ճանապարհի եզրերից թափոններ հավաքելու նախաձեռնություն, սակայն կարճ ժամանակ անց ոգեշնչվել է և որոշել օգտագործել այդ իրերը՝ արվեստի գործեր ստեղծելու համար:
Ահմադ ալ Զավահրա (արվեստագետ) - Երբ երեխա էի, նկարելն իմ հոբբին էր: Ես նկարը վերածում էի ինստալացիայի: Այժմ իմ երևակայության մեջ ստեղծում եմ եռաչափ ինստալացիաներ, առանց գրչի կամ թղթի, այնուհետև դրանք կյանքի եմ կոչում ճիշտ այնպես, ինչպես պատկերացնում էի:
Նրա ստեղծագործությունները, որոնց մեջ կան հսկա հրեշ-բեռնատար ինստալյացիաներ, կանգնած են դատարկ հողատարածքի վրա, որտեղ մարդիկ կարող են գալ և անվճար տեսնել դրանք: Ահմադի գլխավոր նպատակը ոչ միայն արվեստի գործեր ստեղծելն է, այլև շրջակա միջավայրը պաշտպանելը:
ԲՈՍՆԻԱ
ԲՈՍՆԻԱՅԻ ԲԼՈՒՐՆԵՐՈՒՄ ՀՈԲԻԹՆԵՐԻ ՏՆԵՐ ԵՆ ԱՌԱՋԱՆՈՒՄ
Չորս քույրերը հարավ-արևելյան Եվրոպայում կառուցում են հոբիթի ոճով առաջին գյուղը կենտրոնական Բոսնիայի կանաչ բլուրներում՝ հույս ունենալով գրավել «Մատանիների տիրակալը» գրքերի և ֆիլմերի երկրպագուներին, ինչպես նաև կիսել իրենց մանկության հիշողությունները:
Վեդրանան Միլիչևիչ (չորս քույրերից մեկը) -Մենք այստեղ ենք՝ Ռակովա Նոգայում, մեր ընտանեկան գյուղում, որտեղ մենք չորս քույրերս մեծացել ենք, և այստեղ է, որ ոգեշնչված ենք ստեղծելու ինչ-որ գրավիչ բան նաև այլ մարդկանց համար: Ուզում ենք, որ մարդիկ հրապուրվեն մեր ստեղծածով և այցելեն մեր գյուղ, մեր քաղաք և մեր երկիր:
Կրեսևո Հոբիթոնը, այսպես են անվանում հոբիթների գյուղը, Ռակովա Նոգա գյուղում է, հին թագավորական և հանքարդյունաբերական Կրեսևո քաղաքի մոտ, մայրաքաղաք Սարաևոյից ոչ շատ հեռու:
Անցած տարի 28-ամյա երկրաբանության ինժեներ Մարիան իր քույրերին՝ Միլիյանային, Վեդրանային և Վալենտինային, առաջարկել է, որ տուն կառուցեն «Մատանիների տիրակալը» հեքիաթների հոբիթների տների ոճով, հենց հողի մեջ։
Այդ ժամանակ որոշել են, որ քույրերից յուրաքանչյուրը մեկական տուն կզարդարի այնպես, ինչպես ցանկանում է: Արդեն երկու տուն կառուցել են, ևս երեքը կառուցման փուլում են։ Տներն անուններ են ունենալու. քույրերը դրանց կանվանակոչեն տեղական տեսարժան վայրերի անվանումներով: Նրանց խոսքով, իրենք արդեն սկսել են հյուրերի ընդունել տարածաշրջանից ու եվրոպական այլ երկրներից: