Թուրքիայից դուրս բնակվող հանրապետության քաղաքացիների կեսից ավելին՝ 55,36%-ը, կիրակի կայացած Թուրքիայի նախագահի ընտրությունում աջակցել է երկրի գործող ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Այս մասին երկուշաբթի հայտնել է Anadolu պետական գործակալությունը՝ վկայակոչելով Բարձրագույն ընտրական խորհրդի տվյալները:
Ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի օգտին քվեարկել է թուրքական սփյուռքի ներկայացուցիչների 41,26%-ը, ԱԹԱ դաշինքի թեկնածու Սինան Օղանը ստացել է 2,20%, իր թեկնածությունը հանած Մուհարեմ Ինջեն՝ ձայների 1,18 տոկոսը։
Թուրքիայի նախագահի ընտրությանն արտերկրում մասնակցությունը կազմել է 50,55%: Քվեարկությանը մասնակցել է թուրքական սփյուռքի ավելի քան 850 հազար ներկայացուցիչ։
Էրդողանը ստացել է Գերմանիայի, Ֆրանսիայի, Ավստրիայի, Նիդեռլանդների, Բելգիայի, Սերբիայի և եվրոպական մի շարք այլ երկրների թուրքերի մեծ մասի աջակցությունը։ Նա առաջատար է նաև Ադրբեջանում, Ուզբեկստանում, Իրանում, Պակիստանում, ինչպես նաև Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի երկրների մեծ մասում։ Միաժամանակ Մեծ Բրիտանիայում, Իտալիայում, Իսպանիայում, Հունաստանում, ինչպես նաև Արևելյան Եվրոպայի շատ երկրներում սփյուռքը նախապատվությունը տվել է նրա գլխավոր մրցակցին՝ Քըլըչդարօղլուին։ Ընդդիմության թեկնածուն ստացել է ԱՄՆ-ում, Չինաստանում, Ռուսաստանում, Ճապոնիայում, Վրաստանում և Ղազախստանում Թուրքիայի քաղաքացիների ձայների մեծամասնությունը։