Բրյուսելում կայացած եռակողմ բանակցությունները Հայաստանի փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանն առավել առարկայական է որակում: Այդ մասին նա ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինի հետ ասուլիսի ընթացքում:
Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Պարույր Հովհաննիսյանը վերահաստատեց խաղաղության պայմանագրի կնքման և տրանսպորտային ուղիների ապաշրջափակման գործընթացում Հայաստանի կարմիր գծերը. «Դա մեր կարմիր գծերից մեկն է... այդ ճանապարհները: Խոսքը երկաթուղու մասին է. պետք է գործի միայն ՀՀ օրենսդրության իրավասության տակ: Այդ հարցի վերաբերյալ ստույգ երաշխիքներ ստանալուց հետո կարող ենք խոսել շինարարական և այլ աշխատանքների մասին»:
Պարույր Հովհաննիսյանն անդրադարձավ նաև Հայաստանի ինքնիշխան տարածքից Ադրբեջանի զինված ուժերի դուրսբերմանը՝ նշելով, որ պայմանագիրը պարունակում է այն բոլոր սկզբունքները, ինչի հիման վրա ի վերջո խաղաղությունը պետք է իրականացվի:
«Այս հարցը կտրված չէ ընդհանուր հարցից: Այդ հարցը ներառված է թե՛ պայմանագրում, թե՛ այլ գործընթացներում, որոնք գնում են, դրա համար բաժանել այդ հարցը մեկը մյուսից անհնար է»,- ասաց նա:
Փոխարտգործնախարարը նաև ընդգծեց, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» եզրույթը միջնորդները չեն օգտագործում, ինչը վկայում է այդ հարցում նրանց դիրքորոշման մասին: