Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում այսօր մեկնարկել է «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանի նախաձեռնած հանրահավաքը:
Հանրահավաքի մասնակիցների անունից հրապարակվել է հայտարարություն. Արցախի Հանրապետության նախագահին պահանջ է ներկայացվել Բաբայանին նշանակել պետական նախարարի պաշտոնում՝ օժտելով համարժեք լիազորություններով՝ ըստ «Ռազմական դրության մասին» օրենքի իրավակարգավորումների:
Ավելի ուշ այդ կապակցությամբ Ֆեյսբուքի իր էջում արձագանքել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:
«Այսօր Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի կողմից ինձ է փոխանցվել Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի ունեցած հավաքի մասնակիցների հայտարարությունը:
Ելնելով Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ իմ ստանձնած պարտավորություններից ու լիազորություններից, հավաքին մասնակցած մեր քաղաքացիների նկատմամբ հարգանքից, հաշվի առնելով լսված լինելու նրանց իրավունքը՝ որոշել եմ ընդառաջ քայլ կատարել: Ուստի, հավաքի ներկայացուցիչներին առաջարկել եմ վաղվանից սկսել քննարկումներ ու խորհրդակցություններ նրանց կողմից ներկայացված առաջարկների ու ծրագրերի շուրջ:
Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա պատրաստ եմ օգտագործել յուրաքանչյուրի գիտելիքները և փորձը՝ ի նպաստ մեր երկրի անվտանգության, խաղաղության և մեր ժողովրդի բարօրության:
Միաժամանակ ընդգծում եմ, որ հատկապես այս ճգնաժամային պայմաններում մենք պարտավոր ենք ցուցաբերել զսպվածություն, խոհեմություն և պատասխանատվություն՝ առաջնորդվելով բացառապես Արցախի Հանրապետության ու մեր ժողովրդի շահերով»,- ասված է գրառման մեջ»: