ԻՏԱԼԻԱՆ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ԱՋԱԿՑԵԼ ՈՒԿՐԱԻՆԱՅԻՆ. ԶԵԼԵՆՍԿԻՆ ՀՌՈՄՈՒՄ Է
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Հռոմում հանդիպել է Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլայի և վարչապետ Ջորջիա Մելոնիի հետ: Կառավարության ղեկավարը հայտարարել է, որ Իտալիան կաջակցի Կիևին որքան անհրաժեշտ է, նաև կշարունակի պատժամիջոցներով ճնշում գործադրել Ռուսաստանի վրա և սպառազինություն մատակարարել Ուկրաինային: Մելոնին հերթական անգամ հանդես է եկել հօգուտ Կիևի եվրոպական և եվրատլանտյան ինտեգրման:
Զելենսկիին ընդունել է նաև Հռոմի Ֆրանցիսկոս պապը: Ավելի վաղ հովվապետը հայտարարել էր, որ ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման ծրագիր է նախապատրաստել:
Ուկրաինայի ղեկավարն իր հերթին հայտնել է, որ Իտալիայում բարձրաստիճան պաշտոնյաների հետ բանակցություններում կարևոր որոշումներ են կայացվել «երկրի օդային տարածքը պաշտպանելու» վերաբերյալ։
Մայիսի 14-ին նախատեսված է Զելենկիի այցը Գերմանիա:
ԲԱԽՄՈՒՏՈՒՄ ԹԵԺ ՄԱՐՏԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբան հեռախոսազրույց են ունեցել: Անդրադարձ է եղել ուկրաինական զինված ուժերի հնարավոր հակահարձակմանը:
Պետքարտուղարության տվյալով՝ կողմերը քննարկել են՝ ինչպես կարող են միջազգային գործընկերներն աջակցել Կիևին հաջողել մարտի դաշտում: Բլինքենն ընդգծել է՝ Ուկրաինայի ինքնիշխանությունը կենսական նշանակություն ունի Եվրոպայում խաղաղության և անվտանգության առումով:
Մինչ այդ թեժ մարտերը շարունակվում են, մասնավորապես՝ Բախմուտում: Ուկրաինական կողմը հայտարարում է Բախմուտում առաջխաղացման մասին, Ռուսաստանի ՊՆ տվյալով էլ՝ ռուսական ուժերը թույլ չեն տալիս ճեղքել պաշտպանությունը և ոչնչացնում են Բախմուտում ուկրաինական ուժերը: «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության տվյալով, սակայն, իրավիճակը ռուսական կողմի համար զարգանում է վատագույն սցենարով:
ԻՍՐԱՅԵԼԻ ԵՎ ԳԱԶԱՅԻ ՄԻՋԵՎ ՀՐԹԻՌԱԿՈԾՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Իսրայելական բանակը շարունակում է հարվածներ հասցնել Գազայի հատվածում «Իսլամական ջիհադ» արմատական խմբավորման թիրախներին։ Գազայի տարածքից Իսրայելի ուղղությամբ ևս հրթիռներ են արձակվում: Այսօր փոխադարձ հրթիռակոծության 5-րդ օրն է: Եգիպտոսը փորձում է միջնորդի դեր խաղալ հրադադարի հաստատման հարցում, սակայն դեռ ապարդյուն:
Լրատվամիջոցները գրում են, որ այս շաբաթ Իսրայելի ուղղությամբ Գազայից արձակվել է ավելի քան 1000 հրթիռ, ի պատասխան՝ իսրայելական բանակը խոցել է անկլավում «Իսլամական ջիհադ» խմբավորման տասնյակ թիրախներ։ Հաղորդվում է երկու կողմից էլ զոհերի և վիրավորների մասին, տուժել են նաև խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ երեխաներ: ԶԼՄ-ները նաև հայտնում են, որ Գազայի միակ էլեկտրակայանի աշխատանքը կարող է խափանվել Իսրայելից վառելիքի բացակայության պատճառով:
Իսրայելում լարվածության ֆոնին հետաձգվել են Թել Ավիվում հունվարից շարունակվող հակակառավարական ցույցերը, որոնց մասնակիցները պահանջում են վարչապետ Բենիամին Նեթանյահուի հրաժարականը և նրա առաջարկած դատաիրավական փոփոխությունների չեղարկումը:
ԹՈՒՐՔԻԱՆ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՄԱՅԻՍԻ 14-Ի ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Թուրքիայում նախագահի և խորհրդարանի ընտրությունները կկայանան արդեն վաղը: Քվեարկությանն ընդառաջ՝ երկրում լռության օր է հայտարարվել: Նախագահի պաշտոնի համար պայքարում են Ռեջեփ Էրդողանը, ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն և ազգայնական «Աթա» կուսակցության թեկնածու Սինան Օղանը: «Հայրենիք» կուսակցության ղեկավար Մուհարեմ Ինջեն ավելի վաղ հայտարարել էր, որ լքում է մրցավազքը: Մինչ այդ, թեկնածուները հանդես են գալիս մեկը մյուսին ուղղված քննադատական հայտարարություններով:
CNN Turk-ի հետ հարցազրույցում Էրդողանը մեկնաբանել է Քըլըչդարօղլուի խոսքերն այն մասին, որ Ռուսաստանը միջամտում է ընտրություններին և կեղծ տեղեկություններ տարածում թեկնածուների մասին: Երկրի գործող նախագահը զգուշացրել է՝ թույլ չի տա ընդդիմությանը հարձակվել Ռուսաստանի և նախագահ Վլադիմիր Պուտինի վրա:
«Անկարայի հարաբերությունները Մոսկվայի հետ շատ ավելի լավն են և ոչ պակաս կարևոր, քան ԱՄՆ-ի հետ: Պարոն Քեմալը նաև ասում է, որ կմիանա Արևմուտքի հակառուսական պատժամիջոցներին: Ո՞վ եք դուք, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառեք»,- հայտարարել է Էրդողանը:
Նա անդրադարձել է նաև Քըլըչդարօղլուի այն հայտարարությանը, որ ընտրվելու դեպքում իր թիմը կյանքի է կոչելու Թուրքիան Չինաստանին կապող տրանսպորտային նախագիծը, որով պետք է ակտիվացվի Մետաքսի ճանապարհը։ Քըլըչդարօղլուն ներկայացրել էր նաև նախագծի իրագործման քարտեզը, որի համաձայն՝ նախատեսված ճանապարհը չի անցնում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքով», շրջանցում է Ադրբեջանը և անցնում է Իրանով: Էրդողանը մտահոգություն է հայտնել՝ Քըլըչդարօղլուն ուզում է խայտառակել Թուրքիան՝ անտեսելով Ադրբեջանը: Նրա խոսքով՝ թուրք ժողովուրդը չի ընդունի որևէ նախագիծ, որը կարող է վնասել Բաքվի և Անկարայի եղբայրությանը։
Քըլըչդարօղլուն էլ Էրդողանին է դիմել Fox հեռուստաընկերության եթերից:
«Ուզում եմ ասել Էրդողանին՝ մենք գնում ենք ընտրությունների, ոչ թե պատերազմի։ Թե՛ ընդդիմությունը, թե՛ իշխանությունը կատարում են իրենց պարտականությունները՝ հանուն ժողովրդավարության։ Մենք բոլորս մի երկրում ենք ապրում»,- ասել է ընդդիմության առաջնորդը:
Քըլըչդարօղլուն ժողովրդին կոչ է արել ճիշտ ընտրություն կատարել:
«Սրանք սովորական ընտրություններ չեն. վաղը կա՛մ ժողովրդավարություն ենք ընտրելու, կա՛մ այն պատմության աղբանոցն ենք նետելու»,- ասել է քաղաքական գործիչը։
ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԸ ՔՆՆԱԴԱՏԵԼ Է ՔԸԼԸՉԴԱՐՕՂԼՈՒԻՆ
Թուրքիայի արտգործնախարարը ևս դատապարտել է Քեմալ Քըլըչդարօղլուի հայտարարությունն այն մասին, որ ընտրություններում հաղթանակի դեպքում իր թիմը կմիանա Արևմուտքի հակառուսական պատժամիջոցներին և առաջնահերթությունը կտա արևմտյան երկրների և ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների խորացմանը:
Մևլութ Չավուշօղլուն պնդել է՝ Եվրամիությունը, ԱՄՆ-ն կամ ՆԱՏՕ-ն չեն փոխհատուցի Թուրքիայի կորուստները, եթե ընդդիմադիր գործչի հայտարարությունների ֆոնին Ռուսաստանից Հանրապետություն զբոսաշրջային հոսքը պակասի:
«Մայիսին ռուս զբոսաշրջիկները պետք է գային Թուրքիա, բայց մեկնեցին Դուբայ, Թաիլանդ, Եգիպտոս։ Մենք բոլոր ոլորտներում սերտորեն գործակցում ենք Ռուսաստանի հետ՝ չնայած պատերազմին և ուկրաինական զորքերի կողմից մեր անօդաչու թռչող սարքերի օգտագործմանը: Սա դիվանագիտություն է»,- նշել է Չավուշօղլուն։
Թուրքիայի գլխավոր դիվանագետը նաև կասկածի տակ է դրել Քըլըչդարօղլուի պնդումները, թե Մոսկվան միջամտում է Հանրապետությունում նախագահական ընտրություններին: Չավուշօղլուն ընդդիմություննից ապացույցներ է պահանջել: