Թուրքիայում այսօր արտահերթ ընտրություններ էին: Հունիսին նախատեսված նախագահական ու խորհրդարանական հերթական ընտրությունները տեղափոխվեցին մայիս, ու այդ որոշմանը չխանգարեց անգամ փետրվարի 6-ի ուժգին երկրաշարժը:
Արտահերթ անցկացվեցին նաև նախորդ ընտրությունները՝ 2018-ին՝ 2019-ի փոխարեն: Թեև, անցյալ տարի Էրդողանը դեռ հայտարարում էր, որ 2023-ին սահմանված ժամանակում կընտրեն նախագահ ու խորհրդարան, այդ որոշումը հընթացս փոխվեց: Մեկ ամսով ընտրությունն առաջ բերելու պաշտոնական պատճառաբանությունն էր, թե արձակուրդներին մարդիկ հանգստի են մեկնում ու մասնակցությունն ակտիվ չի լինի:
Վերլուծաբանները, սակայն, այլ կարծիքի էին, Էրդողանի թիմի հաշվարկով նրա վարկանիշը մայիսին պետք է առավելագույն կետի վրա լիներ՝ տնտեսական ու սոցիալական որոշակի փոփոխությունների արդյունքում: Բացի այդ, ընդդիմությունը պատրաստվելու շատ ժամանակ չէր ունենա: Թեև երկրաշարժը խառնեց իշխող ուժի խաղաքարտերը, հերթականից արտահերթ դարձած ընտրության օրը նորից չտեղափոխվեց:
Մեկ այլ վարկած էլ իրավաբաններն էին առաջ քաշում՝ շատ չխորանալով հարևան երկրի մայր օրենքի նրբությունների մեջ. ըստ մասնագետների, 2017-ին սահմանադրական փոփոխությունները հնարավորություն էին տալիս Էրդողանին ևս մեկ ժամկետ կառավարել, եթե ընտրություններն արտահերթ անցկացվեին:
Նախագահի թեկնածուների վերջնական ցուցակում ընդգրկվեցին երկրի գործող ղեկավար 69-ամյա Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որպես «Հանրապետական դաշինքի» միասնական թեկնածու, ընդդիմադիր «Ժողովրդական դաշինքի» միասնական թեկնածուն՝ 74-ամյա Քեմալ Քըլըչդարօղլուն և Ata դաշինքի 55-ամյա թեկնածու Սինան Օղանը. չորրորդ թեկնածուն՝ Memleket կուսակցության առաջնորդ Մուհարեմ Ինջեն ընտրություններից երեք օր առաջ հայտարարեց թեկնածությունից հրաժարվելու մասին:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան